Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կվարկավորի Հայաստանում գործող ՓՄՁ-ներին տեղական արժույթով: Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ պաշտոնական կայքը, Հայաստանն առաջին երկիրն է, որը բանկի հետ ստորագրել է տեղական արժույթով ՓՄՁ վարկավորում ստանալու հուշագիր: Ֆինանսական միջոցների հասանելիության դիմաց, նշում է ՎԶԵԲ-ը, Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի՝ ուղղված կապիտալի շուկայի բարելավմանը, ընդլայնմանն ու խորացմանը: Ընդ որում, այս նպատակին հասնելու համար կառավարությունը պետք է աջակցի այնպիսի մակրոնտեսական եւ շուկայական միջավայրի ձեւավորմանը, որտեղ վարկավորումն իրականացվում է, հիմնականում, տեղական արժույթով: Հուշագիրը ստորագրվել է ՎԶԵԲ-ի՝ փոքր եւ միջին տնտեսությունների համար տեղական արժութային եւ կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակում, որն ուղղված է 6 երկրների (Հայաստան, Վրաստան, Ղրղըզըստան, Մոլդովա, Մոնղոլիա եւ Տաջիկստան) կապիտալի շուկաների զարգացմանը: Ընդ որում, ծրագրի իրականացմանը կուղղվի շուրջ €500 մլն: «Տեղական արժույթով կապիտալի շուկայի ձեւավորումը շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ՎԶԵԲ մի շարք երկրների համար, որոնցից շատերը կրում են մեծ ծախսեր՝ արժութային փոխարկումների պատճառով: ՓՄՁ-ները, որոնք իրացնում են իրենց ապրանքներն ու ծառայությունները տեղական արժույթով, սակայն վարկավորումը ստանում են արտարժույթով, մեծապես խոցելի են արտարժույթային ռիսկի նկատմամբ»,- նշել է Անդրե Կուսվեկը:Նրա խոսքով՝ տեղական արժույթով փոխառու միջոցների հասանելիության ընդլայնումը վճռորոշ նշանակություն ունի տեղական բիզնեսի զարգացման համար:ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնում, Banks.am-ի խնդրանքով մեկնաբանել են այս որոշումը՝ նշելով, որ այն դրական անդրադարձ կունենա ՀՀ փոքր ու միջին ձեռնարկությունների վրա:«Դրամով վարկեր ստանալու դեպքում մեր ՓՄՁ-ները կխուսափեն արժույթի փոխարժեքի տատանման ռիսկերից, ինչը, անշուշտ, դրանական կանդրադառնա նրանց գործունեության վրա»,- նշել են ՓՄՁ ԶԱԿ-ում: Tweet Դիտում՝ 13310