ՀՀ Կենտրոնական բանկում ստորագրվել է կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ հուշագիր: Հուշագիրը նախօրեին ստորագրել են ՀՀ Կենտրոնական բանկը, ֆինանսների նախարարությունը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): ԿԲ-ում նշել են, որ հուշագիրը նախատեսում է մի շարք համատեղ աշխատանքներ կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ՀՀ դրամով կապիտալի շուկայի գործիքների զարգացման աշխատանքներ, ածանցյալների շուկայի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրների առնչությամբ միջոցառումներ, առեւտրային բանկերի կողմից թողարկումների խթանման համակարգի ներդրման հետ կապված միջոցառումներ, բանկերի, վարկային կազմակերպությունների ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման ուղղությամբ աշխատանքներ եւ այլն: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության արդյունքները՝ նշելով, որ բանկն իր տարբեր նախագծերով մեծապես նպաստել է Հայաստանի ֆինանսական համակարգի սահուն զարգացմանը, միջազգային փորձի ու նոր գործիքների ներդրմանը: 2016թ. հունվարին ՎԶԵԲ-ը հաստատել է նոր ծրագիր` փոքր եւ միջին տնտեսությունների համար տեղական արժութային եւ կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ, որն առավել ընդլայնված տարբերակով փոխարինում է արդեն իսկ կնքված տեղական արժույթով վարկավորման ծրագրին, որի հիման վրա նախկինում կնքվել էին փոխըմբռնման հուշագրեր 6 երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: ՎԶԵԲ-ի տեղական արժութային եւ կապիտալի շուկայի զարգացման վարչության ղեկավար Անդրե Կուսվեկի խոսքով՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման շարունակական աշխատանքները համարվում են ստրատեգիական առաջնահերթություն ՎԶԵԲ-ի համար: Հետեւաբար, արժութային եւ կապիտալի շուկայի զարգացման վերոնշյալ նույն ծրագրով առանձնացվել են 7 երկիր, այդ թվում` Հայաստանը, որոնց համար իրականացվելու են կապիտալի շուկայի զարգացման խթանման առավել խոր եւ ընդլայնված միջոցառումներ: Tweet Դիտում՝ 3816