«Արմենիա»-ն արտոնություն չի ստանա, «բաց երկինքն» էլ ուժի մեջ է

03.03.2016 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Արմենիա» ավիաընկերության հիմնադիր եւ տնօրեն Թամազ Գաիաշվիլին վերջերս տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Հայաստանը պետք է հրաժարվի «բաց երկնքի» քաղաքականությունից:

Banks.am-ը հայտարարության վերաբերյալ փորձել է պարզել ՀՀ կառավարության դիրքորոշումն ու հասկանալ՝ արդյո՞ք գործադիրը դիտարկում է «բաց երկնքի» քաղաքականությունից հրաժարվելու հարցը:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Քաղաքացիական ավիացիայի քաղաքականության եւ տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը նշել է, որ այդ քաղաքականությունից հրաժարման հարց դրված չէ:

«ՀՀ կառավարությունը հետեւողականորեն իրականացնում է մրցունակ եւ կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրն ու ծրագրի իրականացման համար նախատեսված միջոցառումները: Վերոնշյալ ծրագրի իրականացման շրջանակում կատարվել է ծավալուն աշխատանք, որի արդյունքներն արդեն շոշափելի են. հայկական շուկա են մուտք գործել մի շարք նոր ավիաընկերություններ, որոնք իրականացնում են կանոնավոր չվերթներ դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան, ինչպես նաեւ դեպի Երեւան չվերթները վերականգնել են որոշ՝ նախկինում հեռացած ավիաընկերություններ»,-նշել է վարչության պետը:

Banks.am-ի հարցին, թե իշխանությունն ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ նորաստեղծ ընկերության հիմնադիրը, նախքան գործունեություն սկսելը  առաջարկում է իրեն արտոնյալ պայմաններ տրամադրել, Աննա Չոբանյանը պատասխանել է հետեւյալը.

«Յուրաքանչյուր անձ ազատ է արտահայտելու սեփական կարծիքը եւ ներկայացնելու դիտարկումներ, սակայն, ինչպես արդեն նշեցինք, ՀՀ կառավարությունը հետեւողական է «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման գործում եւ որևէ ավիաընկերությանն արտոնությունների տրամադրումը հակասում է նշված քաղաքականության սկզբունքներին»,-եզրափակել է նա:

«Կարծում եմ` և´ վրացիների, և´ հայերի համար պետք է լինի անցումային շրջան: Թող 50 տարի զարգանանք, որից հետո նոր կարող ենք անցնել «բաց երկնքի»: Իսկ հիմա եղած կադրերը և ընդհանրապես ավիացիան պահպանելու համար պետք է խիստ կանոնակարգել այս ոլորտը: Շատ կարևոր է կառավարության միջամտությունը, հակառակ պարագայում որևէ գործարար չի դիմանա շուկայում: Շատ երկրներում ազգային ավիաընկերությունները դոտացիաներ են ստանում: Նույն «Ալ Իտալիան». Իտալիայի կառավարությունը միլիարդներ ծախսեց, որպեսզի սեփական ավիաընկերությունը մնա շուկայում: Հայաստանում ոչինչ չի ստացվի, եթե շուկան ազատ թողնես», - ասել էր Թամազ Գաիաշվիլին:

Դիտում՝ 17653
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW