Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-բելգիական գործարար համաժողովից ամիսներ անց Բելգիա է արտահանվել հայկական գինիների ու կոնյակի առաջին խմբաքանակը։ Հիմնադրամում նշել են, որ հունվարին Հայաստանից Բելգիա է արտահանվել 23 տեսակի 10 հազ. շիշ գինի եւ 12 տեսակի 1 700 շիշ կոնյակ։ Գործարար համաժողովը տեղի էր ունեցել անցած տարվա հունիսի 11-ին Բրյուսելում։ Համաժողովից հետո բելգիական With Us ընկերությունը դիմել էր խնդրանքով՝ ծանոթանալու հայկական գինու, կոնյակի, կարպետների եւ կաշվե իրերի տեսականու։ Բելգիական ընկերությունը մտադրություն էր հայտնել կազմակերպելու հայկական գինիների ներմուծումը Բելգիա եւ Բենիլյուքսի երկրներ (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ)։ Օրեր անց՝ հուլիսի 16-ին, Հայաստանի զարգացման հիմնադրամը Եվրոպական Միությունում Հայաստանի առեւտրային կցորդի հետ համատեղ կազմակերպել էր With Us ընկերության տնօրենի այցը Երեւան։ Այցի ընթացքում տեղի էին ունեցել մի շարք հանդիպումներ ու քննարկումներ հայկական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում արտահանման պայմանագրեր էին կնքվել «Արմաս», «Կարաս», «Արմենիա Վայն» եւ «Նոյ» ընկերությունների հետ։ Հայկական արտադրանքի վաճառքն իրականացվում է հատուկ այդ նպատակով ստեղծված armenianbrandyandwine.com/en/ կայքի միջոցով: Tweet Դիտում՝ 3858