2016թ. մարտի 4-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է մինչեւ 50 000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից ինքնուրույն գրանցման գործընթացը: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տարծած հաղորդագրության համաձայն՝ նոր գործընթացը ենթադրում է, որ այն դեպքում, երբ պատահարի արդյունքում մեղավոր վարորդի նկատմամբ անմեղ վարորդի գույքային պահանջը չի գերազանցում 50 000 դրամը, ապա ԱՊՊԱ պատահարի մասնակից վարորդներն ինքնուրույն՝ առանց ապահովագրական ընկերության եւ ոստիկանության ներկայացուցչի համաձայնության, լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը եւ պարզեցված ու արագացված ընթացակարգով հատուցում ստանում ապահովագրական ընկերությունից: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ համաձայնեցված հայտարարագրի օրինակը վարորդները կարող են ստանալ ապահովագրական ընկերությունից կամ նրա գործակալից՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին եւ դրանից հետո ցանկացած ժամանակ: Համաձայնեցված հայտարարագրի օրինակը կարելի է ներբեռնել նաեւ բյուրոյի պաշտոնական կայքից:Բոլոր վարորդներին եւ ավտոմեքենաների սեփականատերերին կոչ է արվում նշված փաստաթղթից մի քանի օրինակ մշտապես պահել ավտոմեքենայում:Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է նաեւ, որ 2016թ. մարտի 4-ից ապահովադիրներն ԱՊՊԱ վկայագրերում պարտադիր պետք է նշեն իրենց էլեկտրոնային հասցեները, որոնցով հետագայում որպես «ապահովադիր» եւ «տուժող» կիրականացվեն ԱՊՊԱ ոլորտում նախատեսված նրանց բոլոր ծանուցումները՝ ներառյալ կապված փորձաքննությունների եւ հատուցումների հետ:«Նախաձեռնության նպատակն է մեկ տարվա ընթացքում ԱՊՊԱ ոլորտում ամբողջական անցում կատարել միայն էլեկտրոնային եղանակով ծանուցումների գործընթացին՝ վերջնահաշվում հնարավորություն ստեղծելով ԱՊՊԱ պատահարի բոլոր կողմերին արագ եւ պատշաճ ստանալ ծանուցումներ, ինչպես նաեւ ապահովագրական հատուցման գործընթացի տեւողությունը կրճատել 5-ից մինչեւ 10 օրով»,- ասված է հաղորդագրությունում: Բյուրոյում նշել են, որ անհրաժեշտության դեպքում ապահովագրական ընկերություններն ու իրենց գործակալները կաջակցեն վարորդնրեին նոր էլեկտրոնային հասցեներ գրանցելու հարցում: Tweet Դիտում՝ 4760