Երեւան, 15 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Ֆորբս Հայաստան” ամսագրի գլխավոր խմբագիր Պետրոս Ղազարյանն այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ “ամսագրի առաջին համարը, որի շնորհանդեսը կայացավ այսօր, ամանորյա է, եւ նրանում տպագրված վարկանիշները կրում են ամանորյա կատակի բնույթ”: “Ֆորբս Հայաստան” ամսագրի առաջին համարում, մասնավորապես տպագրված է հանրապետության 10 ամենահարուստ անձանց ցուցակը, որի 8-րդ, 9-րդ եւ 10-րդ տեղերը զբաղեցնում են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Պետրոս Ղազարյանի խոսքերով, “ամսագրում բերված չեն որեւէ թվեր այս կամ այն անձանց կարողության մասին”: Նա նշել է, որ ինտերնետային կայքերից մեկը, որը գրել էր “Ֆորբս Հայաստանում” տպագրված վարկանիշի մասին, իր հրապարակման մեջ ինքնուրույն նշել էր թվեր, ինչից հետո շատ ԶԼՄ-ներ սկսեցին օգտագործել այդ տեղեկատվությունը, վկայակոչելով ամսագիրը: “Արդյունքում ստացանք փչացած հեռախոս` հրապարակումների մեծամասնությունում մեր հրապարակումները ներկայացված են խեղաթյուրված տեսքով”,- նշել է Պետրոս Ղազարյանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 13128