2015թ. ՀՀ խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 383,3 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գերազանցում է 9%-ով: Այս տվյալները ներկայացվել են այսօր՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացած հանդիպմանը, որին մասնակցել են 515 խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ:Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրել է 2016թ. բյուջետային մարտահրավերները, մասնավորապես՝ բյուջետային լրացուցիչ եկամուտների սահմանափակումները` կապված ՓՄՁ-ների, գործող հարկային արտոնությունների, տնտեսության ճյուղային կառուցվածքի հետ: Նրա խոսքով՝ եկամուտների ապահովման առումով ընթացիկ տարում շեշտադրումը կատարվելու է հիմնականում խոշոր բիզնեսից ակնկալվող եկամուտների վրա: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը ներկայացրել է այն հարկային ռիսկերը, որոնք առկա են առանձին հարկ վճարողների մոտ` կապված շրջանառությունների անկման, գնային խախտումների, հարկային բեռի չհիմնավորված նվազեցումների, իրական եկամուտների թերհայտարարագրման, շահութաբերության չհիմնավորված մակարդակի, հարկային վնասների եւ այլ երեւույթների հետ: «Այն հարկատուները, որոնք կդրսեւորեն ագրեսիվ հարկային պլանավորման վարքագիծ եւ քիչ կհաշվարկեն հարկերը, նրանց նկատմամբ կկիրառվի վարչարարություն»,- ընդգծել է Ռաֆիկ Մաշադյանը: Tweet Դիտում՝ 3740