2015թ. ՎԶԵԲ-ը Հայաստանում ռեկորդային ներդրումներ է կատարել

15.01.2016 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել Հայաստանում, տեղեկացնում են ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակից:

ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է 14 ծրագիր, եւ 2015թ. ընդհանուր ներդրումները կազմել են $140 մլն:

«Սա Հայաստանում բանկի գործունեության 24 տարիների ընթացքում աննախադեպ մակարդակ է, որը հստակ վկայում է թե՛ երկրում ներդրումային հնարավորությունների եւ թե՛ ՎԶԵԲ-ի ֆինանսավորման բարձր պահանջարկի մասին»,- ասված է հաղորդագրությունում:

ՎԶԵԲ-ն ամենախոշոր ներդրումները կատարել է ՀՀ ֆինանսական հաստատությունների, տրանսպորտի, համայնքային ենթակառուցվածքների, արդյունաբերության, առեւտրի եւ ագրոբիզնեսի ոլորտներում:

Անցած տարի ՎԶԵԲ-ն աջակցել է տեղական բանկային ոլորտին՝ բարձրացնելով տեղական արժույթով ֆինանսավորման մակարդակը եւ օգնելով կապիտալի շուկաների հետագա զարգացմանը, աջակցել է նաեւ ոլորտի կանսոլիդացիային:

Բացի այդ, բանկը մասնակցել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի շրջադարձային միջազգային սինդիկատացմանը, որը կապահովի զգալի նոր ռեսուրսներ Հայաստանում հետագա ներդրումների համար:

ՎԶԵԲ-ում նշել են, որ առեւտրի ֆինանսավորման ոլորտում Հայաստանը դարձել է բանկի՝ Առեւտրի խթանման ծրագրից առավել ակտիվ օգտվողը՝ ստանալով ընդհանուր առմամբ $48 մլն-ի աջակցություն տեղական բիզնեսների համար:

ՎԶԵԲ-ը ստորագրել է նաեւ երկու մունիցիպալ ծրագիր Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ կառավարության հետ՝ կոշտ թափոնների եւ քաղաքային լուսավորության վերաբերյալ:

«Հայաստանի համար ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու՝ ՎԶԵԲ-ի ունակությունը վկայում է մեր հաճախորդների բանկայնության եւ Հայաստանում ընդհանուր ներդրումային միջավայրի մասին: Դժվարին արտաքին միջավայրում մենք հետեւողականորեն կենտրոնանում ենք ռեսուրսների հատկացման նորարարական եւ ռազմավարական եղանակների վրա, որոնք հավելյալ արժեք ունեն մեր ներդրումային գործընկերների եւ բարձր որակի բիզնեսների համար: ՎԶԵԲ-ը հետեւողականորեն ապացուցել է իր՝ կայուն գործընկեր լինելը»,- ասել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը՝ մեկնաբանելով ներդրումների ռեկորդային մակարդակը:

2015թ. ՎԶԵԲ-ը հրապարակել է նաեւ Հայաստանի գծով նոր՝ քառամյա ռազմավարությունը, որը նպատակ ունի բարձրացնել մասնավոր հատվածի մրցունակությունը, զարգացնել կապիտալի շուկաները եւ տեղական արժույթով ֆինանսավորումը, շարունակել զարգացնել ենթակառուցվածքները եւ առեւտրականացնել հանրային ծառայությունների տրամադրումը:

«Թեեւ 2016-ը, ամենայն հավանականությամբ, դժվար տարի է լինելու, ես մի շարք նոր հնարավորություններ եմ տեսնում Հայաստանում մեր հաճախորդների բազայի մեծացման առումով, իսկ մի քանի գործարքների հեռանկարներ արդեն իսկ հասունացման փուլում են: Ընդհանուր առմամբ, ես լավատես եմ, հատկապես կապիտալի շուկայի զարգացման եւ մասնավոր կապիտալում ներդրումային գործունեության ընդլայնման առումով: Միեւնույն ժամանակ մենք շատ գոհ ենք մեր գործընկերների, այդ թվում՝ կորպորատիվ հաճախորդների, պետական մարմինների եւ դոնորների աշխատանքից. նրանք բոլորը օգնեցին 2015թ. արդյունավետ տարի դարձնել»,- հավելել է Մարկ Դեյվիսը:

Դիտում՝ 4115
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW