ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստը» եւ աշխարհում մեծությամբ երրորդ՝ «Ռիա Մանի Թրանսֆեր» դրամական փոխանցումների ընկերությունը («Ռիա») հայտարարել են դրամական փոխանցման ծառայություններ մատուցելու նպատակով ձեռնարկած գործընկերության մասին: «ՀայՓոստ»-ում նշել են, որ այս պայմանագիրն ընկերության հաճախորդներին հնարավորություն կտա եվրոյով եւ դոլարով կանխիկ փոխանցումներ ստանալ «ՀայՓոստ»-ի 600-ից ավելի առցանց փոստային բաժանմունքներից: «Ապահով եւ մատչելի ծառայության մատուցումից բացի՝ «Ռիա»-ի փոխանցումների արագ համակարգը «ՀայՓոստ»-ի հաճախորդներին թույլ կտա արտասահմանում գտնվող բարեկամներից եւ ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: «ՀայՓոստ»-ի հաճախորդները կկարողանան նաեւ գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 147 երկիր եւ 287 000 սպասարկման կետ»,- ասված է հաղորդագրությունում: «ՀայՓոստ»-ի Գլենդելի մասնաճյուղի միջոցով ամերիկաբնակ հաճախորդները եւս կկարողանան «Ռիա Մանի Թրանսֆեր»-ի միջոցով կանխիկ գումար ուղարկել իրենց սիրելիներին Հայաստանում:«Մեր առաքելություններից մեկը հաճախորդներին բարձրորակ, արագ եւ մատչելի ծառայությունների մատուցումն է: Մենք վստահ ենք, որ «Ռիա Մանի Թրանսֆեր»-ի հետ համագործակցությունը համահունչ է այդ առաքելությանը, եւ լիահույս ենք, որ մեր համատեղ աշխատանքը շոշափելի արդյունքներ կգրանցի մոտ ապագայում»,- ասել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:«ՀայՓոստը ռազմավարական նշանակություն ունեցող տեղակայմամբ բազմաթիվ բաժանմունքներ ունի հեռավոր բնակավայրերում, եւ մենք ակնկալում ենք լավագույն ծառայություն մատուցել արտասահմանում բնակվող հայերին՝ նրանց առաջարկելով ընտանիքներին փող ուղարկելու ապահով եւ մատչելի այլընտրանք»,- իր հերթին ասել է «Ռիա»-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Խուան Բիանքին:2014թ. Համաշխարհային բանկի հաշվարկի համաձայն՝ Հայաստանը փոխանցումներից ստացել է $2.2 մլրդ, իսկ 2013թ. այդ փոխանցումները կազմել են երկրի ՀՆԱ-ի 21%-ը: Tweet Դիտում՝ 11109