Ադրբեջանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունել դեկտեմբերի 21-ից մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Այս մասին հաղորդում է Apa.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԿԲ-ի պաշտոնական հաղորդագրությունը: «Որոշման համաձայն՝ մանաթի փոխարժեքը ձեւավորվելու է հիմնականում այն գործոնների հիման վրա, որոնք որոշում են արժութային շուկայում պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցությունը: Երկրի ԿԲ-ի մասնակցությունը արժութային շուկային կիրականացվի այս ռեժիմին համապատասխան»,- հայտարարել են Ադրբեջանի ԿԲ-ում:Վերջինում պարզաբանել են, որ որոշումը պայմանավորված է էներգակիրների շուկայում առաջարկի ավելցուկով եւ նավթ սպառող երկրներում տնտեսական աճի թուլացմամբ: Այս բոլոր գործընթացները, ըստ Ադրբեջանի ԿԲ-ի, ազդել են երկրի տնտեսության վրա, որը գտնվում է «գլոբալ տնտեսությանն ինտեգրման փուլում»:Ադրբեջանի ԿԲ որոշմանը հաջորդել է մանաթի արժեզրկումը. դոլարի պաշտոնական փոխարժեքը դեկտեմբերի 18-ի համեմատ ավելացել է 47,63%-ով՝ կազմելով մինչեւ 1,55 մանաթ` 1 դոլարի դիմաց: Միաժամանակ, եվրոյի փոխարժեքն ավելացել է 47,88%-ով՝ մինչեւ 1,685 մանաթ՝ 1 եվրոյի դիմաց:Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի վերջին լողացող փոխարժեքի էր անցել նաեւ Ղազախստանը, որին հաջորդել էր ազգային արժույթի՝ տենգեի՝ 28%-ով արժեզրկումը: Tweet Դիտում՝ 13553