Այսօր Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանում մեկնարկել է օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագիրը, որը կօգնի առաջիկա երեք տարիների ընթացքում բացահայտել օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ներուժը:Ծրագիրը կաջակցի արժեւորել Հայաստանում օրգանական արտադրանքը, ինչպես նաեւ բարձրացնել այս ոլորտում պետական եւ մասնավոր սեկտորի հաստատությունների աշխատանքի արդյունավետությունը: Օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրողներին եւ վերամշակողներին կտրամադրվեն փոքրածավալ եւ մեծածավալ դրամաշնորհներ, որոնց միջոցով նրանք կկարողանան բարձրացնել արտադրողականությունը եւ ընդլայնել շուկա մուտք գործելու հնարավորությունները: Նախագիծը համաֆինանսավորվում եւ իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: «Ավստրիան ունի օրգանական գյուղատնտեսության բազմամյա փորձ, եւ մենք ձգտում ենք այս ծրագրի միջոցով այդ փորձը փոխանցել Հայաստանին»,- այսօր ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ ասել է Ավստրիայի զարգացման գործակալության միջազգային ծրագրերի տնօրեն Ռոբերտ Ցայները: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, իր հերթին, ասել է, որ օրգանական գյուղատնտեսության զարգացումը ՀՀ կայուն գյուղատնտեսության զարգացման կարեւոր ուղղություններից է: Մինչեւ տարեվերջ ակնկալվում է գյուղատնտեսության ոլորտում արձանագրել մինչեւ 12% աճ: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մեծ ներուժ ունի, որը զգալիորեն կարող է նպաստել գյուղական կենսակերպի բարելավմանը: Հայաստանում գյուղատնտեսությունը կազմում է երկրի ՀՆԱ-ի 20%-ը եւ գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունն ապահովող հիմնական ոլորտներից է: Օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագիրը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող երկրորդ ծրագիրն է, որը մեկնարկում է այս տարի: ԵՄ-ն ընդհանուր առմամբ այս ոլորտում ներդրել է շուրջ €30 մլն: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր վերահաստատել է, որ ԵՄ-ն ծրագրում է 2016-ից ընդլայնել ոլորտին հատկացվող օժանդակությունը: «Հայաստանը շարունակում է մեծ ծավալի ապրանքներ ներմուծել, սակայն մենք կարծում ենք, որ երկիրն ի վիճակի է հասնել նրան, որ գյուղատնտեսությունը դառնա երկրի զարգացման շարժիչ ուժը: Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին՝ հաղթահարելու մայրաքաղաքի եւ գյուղական համայնքների միջեւ առկա սոցիալական անջրպետը»,- ասել է դեսպանը: Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ օրգանական գյուղատնտեսության այս ծրագիրը կարող է լուրջ հաջողություն գրանցել, քանի որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքն ի սկզբանե օրգանական է: ԵՄ օգնությունը Հայաստանին 1992-ից ի վեր կազմում է ավելի քան €500 մլն: 2011-ից սկսած Հայաստանն Ավստրիայի զարգացման համագործակցության թիրախային երկրներից է, որի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության զարգացումը: Tweet Դիտում՝ 2982