Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է 8 մլն եվրո գումարի չափով վարկ` ֆինանսավորելու Եվրոպական Միության (ԵՄ) չափանիշներին համապատասխանող կոշտ թափոնների աղբավայրի շինարարությունը Երևանում: Ինչպես հայտնել են ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակից, վարկը համաֆինանսավորվում է 8 մլն եվրո վարկով Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից եւ 8 մլն եվրո կապիտալ դրամաշնորհով Եվրամիության Հարեւանության ներդրումային ծրագրի (ՀՆԾ) կողմից:Իրավաբանական համաձայնագրերը ստորագրվել են այսօր Երեւանում ՀՀ ֆինանսների նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ: «Նոր աղբավայրը, որը գտնվելու է Նուբարաշենում` քաղաքի կենտրոնից 11 կմ հեռավորության վրա, կհամապատասխանի միջազգային չափանիշներին եւ կգործի որպես տնտեսապես կայուն միավոր կոշտ թափոնների կառավարման ժամանակակից համակարգերով` ընդգրկելով քաղաքային կոշտ թափոնների հավաքումն ու հեռացումը: Սա կերաշխավորի խոշոր բնապահպանական եւ սոցիալական օգուտներ Երեւանի մոտ 1.1 մլն բնակիչների համար»,-նշված է հաղորդագրությունում:Ի լրումն ՎԶԵԲ-ի ֆինանսավորմանը, Ավստրիայի կառավարությունը տրամադրում է տեխնիկական համագործակցության միջոցներ ծրագրի նախապատրաստման համար, իսկ Չեխիայի Հանրապետության կառավարությունը տրամադրում է ներդրումին հաջորդող` դրամաշնորհային ֆինանսավորում գնումներին եւ մրցույթին աջակցելու նպատակով: Բացի այդ, շահագրգիռ կողմերի մասնակցության ծրագիրը եւ քաղաքապետարարնին աջակցության ծրագիրը կֆինանսավորվեն ՎԶԵԲ-ի` Վաղ անցումային շրջանի երկրների (ETC) հիմնադրամից: Սա Հայաստանում երկրորդ ծրագիրն է աղբավայրերի ոլորտում. այն հետևում է Կոտայքի աղբավայրի ծրագրին, որի համաձայնագրերը ստորագրվել էին 2014թ: 1992թ. ՀՀ-ում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 974 մլն եվրո 143 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 86%-ը մասնավոր հատվածում է արվել: Tweet Դիտում՝ 12771