Մատենադարանում այսօր մեկնարկել է ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) եւ Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում մշակված «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագիրը: Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: «Ցանկանում եմ հատուկ նշել Հայաստանի մշակութային ժառանգության դերը, որն անփոխարինելի տեղ է գրավում համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում եւ կարեւոր խթան է հանդիսանում Հայաստանում գերակայություն հռչակված զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման համար»,- ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն էլ նշել է, որ «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության զարգացման ծրագրի նպատակն է, որ ՀՀ-ն քարտեզի վրա հայտնի դառնա որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային երկիր: «Քառամյա ծրագրի արժեքը $5 մլն է, եւ այն կոչված է ոչ միայն խթանել Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացումը, այլեւ ընդլայնել մեր երկրի գյուղական համայնքների տնտեսական զարգացման հնարավորությունները՝ դրանով իսկ նպաստելով նաեւ ՀՀ տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը»,- ասել է դեսպանը: Դիվանագետի խոսքով՝ զբոսաշրջությունից ստացվող եկամուտները լայնորեն տարածելու համար անհրաժեշտ է Երեւանից դուրս ձեւավորել տուրիստական վայրեր, ինչը գրավիչ կլինի զբոսաշրջիկների համար, կդրդի նրանց այցելել նաեւ մարզեր եւ ավելի շատ գումար ծախսել գյուղական համայնքներում:Սմիթսոնյան ինստիտուտի Միջազգային կապերի գրասենյակի ավագ խորհրդատու Հալի Բաթվինը պատահական չի համարել Մատենադարանում ծրագրի պաշտոնական մեկնարկի ազդարարումը: Նրա խոսքով՝ Մատենադարանն աշխարհի միջնադարյան ձեռագրերի եւ գրքերի ամենահարուստ հավաքածուների պահոցներից է: Tweet Դիտում՝ 4230