902,5 մլն դրամ՝ քամուց տուժած համայնքներին

19.11.2015 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գործադիրն  այսօրվա նիստում որոշել է կառավարության պահուստային ֆոնդից 902 մլն 448 հազ. դրամ հատկացնել նոյեմբեր ամսին ուժեղ քամիների հետեւանքով համայնքներին հասցված վնասները վերացնելու ծրագրին:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի փոխանցմամբ՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015թ. նոյեմբերի 12-ին, 13-ին եւ 14-ին ուժեղ քամիների հետեւանքով զգալի վնասներ են հասցվել Արագածոտնի, Արմավիրի Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքների բնակիչների, ինչպես նաեւ պետական եւ համայնքային նշանակության հանդիսացող շինություններին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է իր մտահոգությունն առ այն, որ ներկայացված գումարի չափն իրականությանը չի համապատասխանում:
 
«Պետք է աջակցել, բայց լինել օբյեկտիվ: Պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը մի քանի օրում մարզերում հաշվարկներ կկատարի, իսկ դրան զուգահեռ աշխատանքներ կիրականացվեն»,- ասել է վարչապետ:

Հովիկ Աբրահամյանը նկատել է նաեւ, որ այս դեպքում մրցույթ հայտարարելը երկար ժամանակ կպահանջի, եւ անհրաժեշտ շինարարությունը պետք է կատարվի մեկ աղբյուրի կողմից:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ Շիրակի եւ Լոռու մարզերում 2014 եւ 2015 թվականներին կարկտահարությունից տուժած համայնքներում 2013 եւ 2014 թվականներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի դիմաց ձեւավորված պարտքերը կներվեն:

«Մենք այս նախագծով օգնում ենք մեր գյուղացիներին, ովքեր տուժել են կարկտահարությունից: Սա եւս մեկ քայլ է կառավարության կողմից՝ աջակցելու մեր գյուղատնտեսության ոլորտին եւ մեր գյուղացիներին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Դիտում՝ 3065
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW