Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղի է ունեցել «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության թողարկած անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը:Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ տեղաբաշխումն իրականացվել է ստանդարտ փակ (եվրոպական) աճուրդի միջոցով: «Գլոբալ Կրեդիտ»-ը տեղաբաշխման է ներկայացրել 1 000 000 դոլար (1-ին տրանշ, GLBLB1) եւ 100 000 000 դրամ (2-րդ տրանշ, GLBLB2) ծավալներով պարտատոմսերի երկու թողարկումներ: Տեղաբաշխմանը ներկայացված պարտատոմսերի առաջին տրանշը ներառել է 2 տարի ժամկետայնությամբ, 9.5% արժեկտրոնի տոկոսադրույքով եւ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10 000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB1), իսկ երկրորդ տրանշը՝ 1 տարի ժամկետայնությամբ, 15% արժեկտրոնի տոկոսադրույքով եւ 10 000 դրամ անվանական արժեքով 10 000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB2):Որպես տեղաբաշխող հանդես է եկել «Ռենեսա» ՓԲԸ-ն, որը պարտատոմսերի ցուցակումից հետո իրականացնելու է նաեւ պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթներ:«Գլոբալ Կրեդիտ»-ում նշել են, որ պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն օգտագործվելու են ֆինանսական ծառայությունների ծավալների ընդլայնման, այդ թվում՝ նոր վարկատեսակների մշակման ու ներդրման, ինպես նաեւ կազմակերպության գործունեության աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ:Նշենք, որ «Գլոբալ Կրեդիտ»-ը ֆինանսական շուկայում գործող մասնավոր վարկային կազմակերպություններից առաջինն է, որ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում է իրականացնում: Tweet Դիտում՝ 20668