Հայաստանն ու Իրանը կավելացնեն փոխադարձ ներդրումների ծավալը

12.11.2015 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ նոյեմբերի 8-10-ը Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում նախանշվել են երկկողմ տնտեսական համագործակցության նոր հեռանկարներ:

Այս մասին ասված է էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն Իրանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ արտոնյալ առեւտրային ռեժիմները այլ երկրների հետ, ԵԱՏՄ անդամակցությամբ բացվող հնարավորությունները եւ Հայաստանին վերապահված բացառությունները, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողությունները:

Կարեն Ճշմարիտյանը բարձրացրել է նաեւ Իրանի կողմից փոխադարձ առեւտրում կապի եւ ինտերնետ ծառայությունների գների իջեցման հարցը, որին ի պատասխան Մահմուդ Վայեզին պատրաստակամություն է հայտնել քննարկել նշված խնդիրը:

Նա  կարեւորել է փոխադարձ ներդրումների, ինչպես նաեւ փոխադրումների եւ ճանապարհների կառուցման հարցերը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնակցել երկու երկրներում կազմակերպվող ՏՏ եւ ինովացիոն ոլորտների միջոցառումներին, ցուցահանդեսներին:

Իրանի առեւտրի, հանքերի եւ գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ հանդիպմանը ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի միջոցով այլ շուկաներ դուրս գալու հնարավորություններին:

Մոհսեն Ջալալփուրն առաջարկել է ստեղծել համատեղ ձեռնարկություններ եւ դրանց միջոցով դուրս գալ տարածաշրջանի այլ երկրների շուկաներ: Զրուցակիցները կարեւորել են նաեւ ծառայությունների ոլորտում համագործակցության ակտիվացումը եւ ներդրումների ավելացումը:

Նոյեմբերի 9-ին մեկնարկել է Իրան-Հայաստան գործարար համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երկու երկրների համագործակցության հեռանկարները, ներդրումային միջավայրը:

Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել հայ եւ իրանցի գործարարների երկկողմ հանդիպումները: Նշվում է, որ հայ գործարարների նման մեծաթիվ պատվիրակություն առաջին անգամ է այցեցել Իրան:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնական այցը, ինչպես նաեւ Իրան-Հայաստան գործարար համաժողովը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Իրանում ՀՀ դեսպանության եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի ջանքերով:

Դիտում՝ 2747
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW