«Տաշիր» ընկերությունների խմբի ֆիրմային նոր ոճը Լաս Վեգասում անցկացվող գովազդի եւ դիզայնի LIA 2015 25-րդ միջազգային փառատոնի շրջանակում (նախկինում հայտնի որպես London International Awards) բրոնզե մրցանակի է արժանացել «ֆիրմային ոճի դիզայն» անվանակարգում (Brand Identity): «Տաշիր»-ի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ ընկերության ֆիրմային նոր ոճը մշակվել է միջազգային բրենդինգային FITCH գործակալության հետ համատեղ:Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել է 13 562 աշխատանք 79 երկրից: «LIA Awards-ը գովազդի ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից է, եւ մենք հպարտ ենք լինել առաջին ռուսաստանյան ընկերությունը, որը մասնագետների այսպիսի բարձր գնահատական է ստացել միջազգային հարթակում»,- ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի կորպորատիվ հաղորդակցման եւ մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը: Լոնդոնի FITCH ստուդիայում նախագծի ղեկավար Էմիլ Կոտոմինն էլ ասել է, որ այդ մրցանակը երկու ընկերությունների թիմերի համագործակցության արդյունքն է: «Խնդիրը բարդ էր, սակայն եւ շատ հետաքրքիր: Մենք շնորհակալ ենք մեզ ընձեռնված ազատության համար եւ շատ գոհ ենք արդյունքից»,- նշել է նա: 2014թ. «Տաշիրի» եւ FITCH-ի համագործակցության արդյունքում ստեղծվել էր նոր ֆիրմային ոճի տեսլականը՝ բազմաշերտ զարդանկար, որն արտացոլում է ընկերության անցյալը, ներկան եւ ապագան: Ութ փոխկապակցված աբստրակտ խորհրդանիշերը ներկայացնում են «Տաշիրի» գործունեության հիմնական ուղղությունները՝ դեվելոփմենթ, ֆինանսներ, շինարարություն, արտադրություն, էներգետիկա, ռիթեյլ, ռեստորանային բիզնես եւ զվարճանքներ: Նշանների անկյունները միացած են հավերժական կյանքի խորհրդանիշով, որն ավանդաբար պատկերվում է հայկական խաչքարերի վրա: Tweet Դիտում՝ 14279