Առեւտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի 1-ին նիստը՝ նոյեմբերի 17-ին

11.11.2015 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում ԱՄՆ դեսպանն ասել է, որ իր առաջին գերակայությունը գործարար ու առեւտրային հարաբերությունների խորացումն է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ:

Այս մասին դիվանագետն ասել է նախօրեին՝ ծավալուն ելույթով հանդես գալով Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի անդամների առջեւ:

«Թույլ տվեք հստակեցնեմ. ես չեմ խոսում օժանդակության նոր ծրագրերի մասին, այլ նկատի ունեմ առեւտուրը՝ համատեղ առեւտրային կապերի ամրապնդումը, որը երկուստեք օգտակար կլինի մեր տնտեսությունների համար: Սա նոր ուղղություն չէ. մեր երկրները միշտ հետաքրքրված են եղել մեր առեւտրային ու ներդրումային հարաբերությունները ընդլայնելով: Նորությունը սակայն այն է, որ ԱՄՆ դեսպանության գնահատմամբ Հայաստանի տնտեսությունն հասել է այնպիսի մակարդակի, որ առեւտրաարդյունաբերական հարաբերությունների ու մի շարք ոլորտներում ներդրումների մասով նշանակալի հնարավորություններ կան, որոնց հետ կապված երկու կառավարությունները հաճախ ձեռնարկում են դժվարին քայլեր՝ համապատասխանեցնելով առեւտրային կանոնակարգերը, իրավական ռեժիմներն ու մաքսային օրենսդրությունը»,- ասել է դեսպանը:

Նա հիշեցրել է, որ այդ նպատակով այս տարվա մայիսին Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունները ձեւավորել են Առեւտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ:

Ռիչարդ Միլսը տեղեկացրել է, որ խորհրդի անդրանիկ նիստը կկայանա նոյեմբերի 17-ին Երեւանում, որին կմասնակցեն ԱՄՆ Առեւտրաարդյունաբերական ներկայացուցչի գրասենյակը եւ այլ գերատեսչություններ: Դիվանագետի խոսքով՝ հանդիպման ընթացքում նախատեսվում է առանձին նիստ անցկացնել բիզնեսը ներկայացնող կազմակերպությունների հետ:

Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի նիստից անմիջապես հետո` նոյեմբերի 19-ին, տեղի կունենա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի ամենամյա հանդիպումը:

Այս տարի քննարկվող հարցերի շարքում են կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանի ապագա էներգետիկ ռազմավարությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, քաղավիացիան ու բաց երկնքի քաղաքականությունը, միասնական հարկային օրենսգիրքը եւ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը:

Դիտում՝ 2819
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW