ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 9.75%:ԿԲ խորհրդում նշել են, որ 2015թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.9%:«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, ինչն ուղեկցվել է միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նման միտումները կպահպանվեն նաեւ առաջիկա ամիսներին, ինչից ելնելով արտաքին հատվածից ներքին գների վրա ակնկալվում է գնանկումային ազդեցություն»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրությունում: ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.7%, որին հիմնականում նպաստել են գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճը: Այս իրավիճակում գնաճի նվազումը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակների ձեւավորմամբ: Ներքին պահանջարկը շարունակում է մնալ թույլ, չնայած 2015 թ. հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ պահպանվող թույլ ներքին պահանջարկը եւ արտաքին գնանկումային միջավայրը դանդաղ են արտացոլվում սեզոնային գյուղմթերքներից զտված գնաճի ցուցանիշում, որը վկայում է դեռեւս բարձր գնաճային սպասումների առկայության մասին: «Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը կարծում է, որ գնաճային սպասումների նվազմանը զուգահեռ այդ ապրանքատեսակների գնաճը եւս կնվազի: Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում թուլացնել դրամավարկային պայմանները, ինչը ցածր գնաճային սպասումների դեպքում կարող էր ավելի կտրուկ լինել»,- ասված է հաղորդագրությունում: ԿԲ գնահատմամբ՝ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետեւ, նախանշված քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:«Գնաճային սպասումների խարսխման, արտաքին եւ ներքին լրացուցիչ ռիսկերի բացակայության դեպքում խորհուրդը կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը»,- նշել են ԿԲ-ում: Tweet Դիտում՝ 3382