ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունը համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին եւ գոյություն ունեցող ատոմակայանների նպատակային ցուցանիշներին:Նախագահն այս մասին ասել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստում:«Հայկական ատոմային կայանը պետք է կենտրոնացնի իր բոլոր ջանքերը` եւ՛ ֆինանսական, եւ՛ տեխնիկական, հետագա աշխատանքների հաջող ավարտի համար»,- ասել է նախագահը: Հայկական ԱԷԿ-ի կադրային իրավիճակի մասին խոսելիս Սերժ Սարգսյանն ասել է, որ անցյալ տարի զբաղեցրած պաշտոններից ազատվել են Հայկական ԱԷԿ-ի որոշ ղեկավարներ՝ իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ուշադրությունն եմ հրավիրում ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման վրա՝ կայանի շահագործման անվտանգության եւ հուսալիության ապահովման ու առաջադրված խնդիրները ժամանակին իրականացնելու համար: Մենք պայմանավորվել ենք էներգետիկայի նախարարության եւ ԱԷԿ-ի նոր ղեկավարության հետ, որ պետք է լիովին բացառենք բացասական երեւույթները»,- նկատել է ՀՀ ղեկավարը:Անդրադառնալով 2014թ. դեկտեմբերին եւ 2015թ. փետրվարին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ երկրորդ էներգաբլոկի շահագործման ծրագրի երկարաձգման համագործակցության համաձայնագրերին՝ նախագահն ասել է. «Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրը կիրականացվի երկու փուլով. առաջին փուլ՝ ԱԷԿ համակարգերի, սարքավորումների, բաղադրիչների եւ կառույցների հետազոտման համապարփակ ծրագիր: Երկրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փոփոխությունների իրականացում եւ արդիականացում, ինչպես նաեւ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում` հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացված սթրես-թեսթի արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը»:Նա տեղեկացրել է, որ առաջին փուլի մասով արդեն ավարտվել են 4500 միավոր սարքավորումների, համակարգերի եւ բաղադրիչների հետազոտությունները: Զուգահեռաբար սկսվել է երկրորդ փուլի աշխատանքը: Tweet Դիտում՝ 22572