Հոկտեմբերի 19-ին մեկնարկել է Հայբիզնեսբանկի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) համատեղ ուսումնական ծրագիրը:Բանկում նշել են, որ ծրագրի շրջանակում համալսարանի «Բանկային գործ» մասնագիտության 4-րդ կուրսի 57 ուսանողներ կմասնակցեն վարպետության դասընթացների Հայբիզնեսբանկում:Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայբիզնեսբանկի Աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը, որն արդյունավետ համագործակցության համար իր շնորհակալությունն է հայտնել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին եւ «Բանկային գործի եւ ապահովագրության» ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանին: Մարի Ստեփանյանի խոսքով՝ Հայբիզնեսբանկի կողմից մշակվել է հատուկ ծրագիր ուսանողների համար, որպեսզի նրանք կարողանան ավելի հստակ պատկերացնել բանկային գործը:Ապագա կադրերի համար վարպետության դասերն անցկացվելու են Հայբիզնեսբանկի լավագույն մասնագետների կողմից, որոնք հանդիսանում են բանկի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:Ելույթով հանդես է եկել նաեւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասլանյանը, որը վստահեցրել է, որ դասընթացների ընթացքում ուսանողները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ, ինչպես նաեւ կծանոթանան գործատուի պահանջներին:Ծրագրով նախատեսված թեմաների շրջանակում առաջին հանդիպման ընթացքում Հայբիզնեսբանկի աշխատակիցները դասընթացավարի կարգավիճակում ուսանողներին ներկայացրել են բանկի կորպորատիվ կառավարման առանձնահատկությունները, ՀՀ բանկային համակարգի կարգավորման իրավական ասպեկտները եւ ներքին վերահսկողության ընթացակարգերը:Վարպետության դասերը կավարտվեն այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի վերջում, իսկ մասնակից ուսանողներին կտրվեն մասնակցության հավաստագրեր: Tweet Դիտում՝ 5272