ՎԶԵԲ-ն ու ԵՄ-ն կշարունակեն աջակցել ՓՄՁ-ներին ֆինանսավորման ներգրավման հարցում

14.10.2015 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում կանցկացվի «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» թեմայով արդեն երկրորդ՝ հատուկ մշակված դասընթացը:

Դասընթացը կազմակերպում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ու զարգացման խմբի, Եվրոպական Միության եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարի համատեղ նախաձեռնությամբ:

Նախաձեռնությունն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ, որը ՎԶԵԲ-ի` Հայաստանում մասնավոր հատվածի կայուն զարգացմանն ուղղված խորհրդատվական գործունեության հիմնական դոնորն է: Դասընթացը հնարավորություն կընձեռի լավագույն միջազգային փորձը եւ նոու-հաուն ներդնել տեղական ՓՄՁ-ներին աջակցելու համար:

«Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» դասընթացի հիմնական նպատակն է մեծացնել տեղական խորհրդատվական ծառայությունների հանդեպ պահանջարկը՝ ձեռնարկություններին ֆինանսական ներդրումների ներգրավման տարբեր փուլերին նախապատրաստելու եւ միավորման գործընթացում ֆինանսավորման ներգրավման արդյունքում բաժնետիրական արժեքն ավելացնելու նպատակով: Դասընթացը կնպաստի տեղական խորհրդատուներին նորագույն ֆինանսական գործիքների վերաբերյալ գիտելիքների փոխանցմանը:

«Այսօր բազմաթիվ ժամանակակից բիզնես գործընթացներ, ինչպիսիք են, օրինակ, կորպորատիվ կառավարումը, թափանցիկությունը, սոցիալ-բնապահպանական քաղաքականությունը եւ ներդրողների հետ հարաբերությունները, փոքր կապիտալի, այդ թվում՝ «մեզոնինային» եւ բաժնային կապիտալում ներդրումների ներգրավման հիմնական բանալին են: Իսկ այնպիսի շուկայական գործիքներ, ինչպիսիք են պարտատոմսերն ու գրանցված սեփականությունը, կարող են ներգրավել ձեռնարկության աճի եւ բարգավաճման համար անհրաժեշտ վճռորոշ երկարաժամկետ կապիտալ»,- ասել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

Հաշվի առնելով համագործակցության նախորդ՝ դրական փորձը՝ այս տարի եւս հատուկ տեղական խորհրդատուների համար մշակված դասընթացը կվարի Գեւին Ռայան, որը 25-ամյա փորձ ունի ֆինանսական արդյունաբերության եւ մասնավոր կապիտալի ներդրման ոլորտներում: Մասնագետը պատրաստվում է հայ գործարարների հետ կիսվել ՓՄՁ-ների ներդրումային հնարավորությունների կանխորոշման փորձով, ինչը կօգնի վերջիններիս զարգանալ եւ դառնալ տեղական տնտեսության իրական խթանիչներ:

Գեւին Ռայանն աշխատել է Լոնդոնի ու Տոկիոյի Normura Securities-ում, այնուհետեւ՝ HSBC ներդրումային բանկում, ինչպես նաեւ Soros Investment Management-ում:

Խոսելով դասընթացի մասին՝ Գեւին Ռայանը նշել է, որ այն առավելապես գործնական է, հիմնված Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համապատասխան փորձի եւ դեպքերի վրա:

«Մենք նպատակ ունենք ՓՄՁ-ներին եւ նրանց խորհրդատուներին զինել իրենց աճի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համապատասխան հմտություններով: Դա կանենք՝ ուսումնասիրելով շուկայում առկա բաժնետիրական կամ քվազի-բաժնետիրական արտադրանքը եւ դիտարկելով այն դրական գործողությունները, որ ՓՄՁ-ն կարող է ձեռնարկել իրեն դիրքավորելու՝ որպես կորպորատիվ կառավարման արդիականացում եւ լավ բիզնես պլանավորում ունեցողի»,- հավելել է Գեւին Ռայանը:

«Սա ՎԶԵԲ-ի կողմից հայաստանյան խորհրդատուներին առաջարկվող եւս մեկ ֆինանսների անհրաժեշտ եւ պահանջված դասընթաց է: Մենք՝ որպես Փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման եւ աջակցության խումբ, շարունակում ենք մեր ջանքերն ուղղել տեղական խորհրդատվական դաշտի ամրապնդմանն ու Հայաստանյան ՓՄՁ-ներին ֆինանսավորման ներգրավման համար անհրաժեշտ գործիքների տրամադրմանը»,- ասել է ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության խմբի ազգային ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը:
 
2003-ից ի վեր ավելի քան €5,3 մլն ֆինանսավորում է տրամադրվել Հայաստանում ՓՄՁ-ների համար ՎԶԵԲ-ի խորհրդատվական ծրագրերին եւ շուկայի զարգացմանն ուղղված գործառնություններին:

ՎԶԵԲ-ը պատկանում է 64 պետությունների եւ երկու միջպետական կազմակերպությունների: Այն աջակցում է շուկայական տնտեսության եւ ժողովրդավարության զարգացմանը: ՎԶԵԲ-ին կարող եք հետեւել web, Facebook եւ Twitter կայքերում:

Դիտում՝ 12173
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW