«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը` «Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցությամբ, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Շիրակի մարզերի հաճախորդներին առաջարկում է նոր՝ «Ջերմացնող» դրամային վարկեր՝ արեւային ջրատաքացուցիչների կիրառումը խթանելու նպատակով: Կազմակերպությունում նշել են, որ այս մարզերի ընտրությունը պատահական չէ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Գեղարքունիք, Սյունիք եւ Շիրակ մարզերն առանձնանում են արեւային առավելագույն օրերի քանակի եւ միավոր քառակուսի մետրին ընկնող արեւային էներգիայի բարձր չափերով, ինչը կխթանի արեւային ջրատաքացուցիչների բարձր արդյունավետությամբ կիրառումը:Վարկերը տրամադրվում են 200 հազարից մինչեւ 1 մլն ՀՀ դրամի չափով, առանց գրավի եւ առանց ամսական սպասարկման վճարների, 17% տարեկան տոկոսադրույքով, մինչեւ 3 տարի մարման ժամկետով՝ որից մինչեւ 27 ամիսը արտոնյալ՝ դադարի ժամկետ:«Մենք համագործակցում ենք Հայաստանում այդ ոլորտում բավական հայտնի մի շարք ներկրող եւ տեղական արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ՝ Արփի Սոլար, Դիկոնդ, Էկոսիսթեմս, Էկոֆուէլ եւ Շտիգեն, որոնք մեր հաճախորդներին կառաջարկեն առավել մատչելի գներով եւ բարձր որակական ցուցանիշներով արեւային ջրատաքացուցիչների տեսականի: Միեւնույն ժամանակ «Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասնագետները պատրաստ են տրամադրելու անվճար խորհրդատվություն արեւային ջրատաքացուցիչների ճիշտ ընտրության եւ հետագա օգտագործման հարցերում: Կարծում եմ` այս վարկատեսակը հետզհետե մեծ պահանջարկ կունենա մեր հաճախորդների շրջանում»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Վարդանյանը: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանն էլ նշել է, որ իրենց հիմնադրամը կարեւորում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ստեղծումը: Tweet Դիտում՝ 16379