Երեւան, 3 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Երեւանում ասել է, որ հանրապետության բանկային համակարգը, չնայած իր փոքր չափերին, “առողջ է եւ կենսունակ”:Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին նախագահի մամլո ծառայությունում, Ռոբերտ Քոչարյանն ասել է այս մասին այսօր Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատեւի եւ Ղազախստանի Ազգային բանկի նախագահ Անվար Սայդենովի հետ հանդիպման ժամանակ, որոնք Երեւան են ժամանել Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Երկրի նախագահի խոսքերով, առաջիկայում հիմնական անելիքները կապված են հանրապետության ֆինանսական հատվածի ընդլայնման հետ: Հայաստանի նախագահը նշել է, որ վերջին տարիներին կատարված բարեփոխումները հնարավորություն են տալիս գործունեություն ծավալել ապահովագրական, հիպոթեքային, կենսաթոշակային ծառայությունների ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանն “արդյունավետ” է անվանել Հայաստանի փոխգործակցությունը Միջպետական բանկի հետ, նշելով, որ այդ կառույցի ակտիվ մասնակցությամբ բարեփոխումների լուրջ ծրագրեր են իրականացվել երկրի էներգետիկ համակարգում: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ Միջպետական բանկի եւ Եվրասիական Զարգացման բանկի համագործակցության հնարավորությունները: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6760