ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն այսօրվա նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.25%:ԿԲ-ում նշել են, որ 2015թ. հուլիսին արձանագրվել է 2.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 4.2%: Փաստացի զարգացումների համաձայն արտաքին հատվածում արձանագրվել են համաշխարհային տնտեսության սպասվածից դանդաղ աճի միտումներ, ինչի պարագայում միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը:Ելնելով այդ զարգացումներից, ինչպես նաեւ պայմանավորված առաջիկա ամիսներին սպասվող համաշխարհային պահանջարկի թույլ աճով եւ առանձին ապրանքային շուկաներում առաջարկի ավելցուկով՝ ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից ակնկալվող ազդեցությունը շարունակում է գնահատել ոչ գնաճային:Խորհուրդն արձանագրել է, որ երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության աճի տեմպերը գերազանցել են ակնկալիքները. հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 4.2%, որին հիմնականում նպաստել են կանխատեսվածի համեմատ գյուղատնտեսության եւ մասամբ արդյունաբերության ճյուղերում գրանցված ավելի բարձր աճերը: ԿԲ-ում նշել են, որ չնայած գյուղմթերքի արտահանման աճի արձանագրված բարձր տեմպերին եւ առաջիկայում այդ միտումների պահպանմանը, գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումների արդյունքում կձեւավորվեն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գների ցածր մակարդակներ: Ստեղծված ցածր գնաճային միջավայրը մասամբ կչեզոքացվի սպասվածից ավելի խթանող հարկաբյուջետային քաղաքականության իրականացմամբ: Միաժամանակ, ներկայումս չի դիտարկվում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման` նախկինում ակնկալվող գնաճային ազդեցությունը: Այս զարգացումների ներքո ԿԲ խորհուրդը գնահատում է, որ տարվա երկրորդ կիսամյակում 12-ամսյա գնաճը կնվազի եւ կտատանվի թույլատրելի միջակայքի ներքեւի հատվածում, ինչից ելնելով էլ նպատակահարմար է թուլացնել դրամավարկային պայմանները:« Այդուհանդերձ, եւ՛ արտաքին հատվածում, եւ՛ ներքին տնտեսությունում դեռեւս պահպանվում են ռիսկեր, որոնց դրսեւորման դեպքում հնարավոր է գնաճային միջավայրի ընդլայնում եւ ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտում՝ ուղղված միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործմանը»,- ասված է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունում:Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 11.75% եւ 8.75%: Tweet Դիտում՝ 3678