ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ կառավարության եւ Եվրոպական Միության միջեւ «Ձեռնարկությունների եւ փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) (2014-2020)» ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ, ծրագրի բոլոր միջոցառումներին (բացառությամբ ֆինանսական գործիքների) մասնակցելու համար ՀՀ-ի կողմից ԵՄ բյուջե տարեկան վճարվող անդամավճարը 2016-2017 թթ. ժամանակահատվածի համար կկազմի €78 868: Ծրագրի մյուս մասի համար (2018-2020 թթ.) ամենամյա ֆինանսական մասնաբաժինը պետք է հաշվարկվի 2017թ.:Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) պատրաստ է հատկացնել միջոցներ COSME ծրագրին Հայաստանի մասնակցության համար նախատեսված անդամավճարը վճարելու համար: «Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ ընթացող քննարկումների արդյունքների համաձայն` 2015թ. ընթացքում մեկնարկող մեկ այլ` ԵՄ կողմից ֆինանսավորվող մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում նախատեսվում է COSME ծրագրի անդամակցության վճարի համաֆինանսավորում մինչեւ 50% չափով` 3 տարի ժամկետով»,- ասել է Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով, որ ծրագիրը Հայաստանում համակարգող Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (GIZ) պատրաստակամություն է հայտնել նաեւ ծրագրի իրականացման ընթացքում ճիշտ հայտեր կազմելու ուղղությամբ ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրել տեխնիկական աջակցություն:Նշենք, որ COSME-ին մասնակցության հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան ՓՄՁ սուբյեկտներին օգտվել ԵՄ-ի կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից: Tweet Դիտում՝ 3493