Էյչ-Էս-Բի-Սի. Ծնողները պատրաստ են ներդնել ավելին զավակների կրթության մեջ
21.07.2015 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://forbes.kz

Ծնողների 79%-ի կարծիքով՝ բարձրագույն կրթությունը պարտադիր պայման է կյանքի կարեւոր նպատակներին հասնելու համար:
Այս մասին են վկայում Էյչ-Էս-Բի-Սի-ի «Գիտելիքներ ողջ կյանքի համար» զեկույցի տվյալները:
16 երկրներում 5550 ծնողների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ 79% ծնողները նաեւ ակնկալում են, որ համալսարանում իրենց երեխաները պետք է սովորեն դառնալ անկախ եւ ֆինանսապես պատասխանատու քաղաքացի:
Ծնողների 50%-ը կարծում է, որ մագիստրոսի կոչումն ուսման նվազագույն շեմն է: Զեկույցը նաեւ բացահայտում է, որ ծնողների 47%-ի կարծիքով՝ իրենց զավակների սերնդի համար ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնելն ավելի մեծ դժվարություն է ներկայացնելու, քան ժամանակին իրենց սերնդի համար էր:
Որպեսզի իրենց երեխան աշխատանքային շուկայում առավելություն ունենա եւ ավելի մրցունակ լինի, ուսումնասիրության համաձայն՝ ծնողների 77%-ը պատրաստ է երեխային ուսման ուղարկել արտերկիր բակալավրի կամ մագիստրոսական ծրագրի համար:
Ծնողների 70%-ը պատրաստ է ավելի շատ վճարել արտերկրում բարձրագույն կրթության համար, քան տեղում: Զեկույցը ցույց է տալիս նաեւ, որ զավակների համար արտերկրում ուսում չնախատեսող ծնողների 34%-ի համար հիմնական խոչընդոտ են հանդիսանում միջազգային բարձրագույն կրթության հետ կապված ծախսերը:
Ծնողները նախատեսում են զավակի ուսման համար վերցված վարկը վճարել 6.7 տարվա ընթացքում:
Զեկույցի համաձայն՝ ծնողների 83%-ն ունի իր երեխայի ապագա մասնագիտության հստակ նախընտրություն:
Առաջնային տեղ է զբաղեցնում բժշկությունը, որին նախընտրություն է տալիս ծնողների 19%-ը: Ճարտարագիտությունը (11%) եւ համակարգչային գիտությունը (8%) եւս ապագա ուսանողների ծնողների նախընտրելի մասնագիտություններ են:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած բարձրագույն կրթության վերաբերյալ վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում բժշկությունն այդքան էլ մեծ տոկոս չի կազմում (5%): Տնտեսագիտությունն ու կառավարումը, ինչպես նաեւ հումանիտար գիտությունները մասնագիտացման ամենատարածված ուղղություններն են՝ համապատասխանաբար 20% եւ 30%: 2013թ. ԲՈՒՀ ընդունված 19 հազ. ուսանողներից 1343-ը (7%) որոշել է մասնագիտանալ արվեստի ոլորտում: Ուսանողների 7%-ը նախընտրութունը տվել է մանկավարժությանը, եւս 7%-ը` ագրոպարենային ոլորտին:
«Հայաստանում ծնողները չափազանց կարեւորում են երեխաների կրթությունը: Աշխատանքային շուկայում աճող մրցակցության եւ բարձրագույն կրթության առավել հասանելիության արդյունքում ամբողջ աշխարհի, այդ թվում նաեւ Հայաստանի շրջանավարտների համար անհամեմատ դժվարացել է հասակակիցների նկատմամբ մեծ առավելություն ունենալն ու տարբերվելը: Թե՛ ապագա ուսանողները եւ թե՛ իրենց ծնողները գիտակցում են, որ անհրաժեշտ է ստանալ հնարավոր լավագույն եւ բարձրագույն կրթությունը: Նույն միտումը նկատվում է նաեւ ՀՀ ԱՎԾ հրապարակած Կրթություն եւ մշակույթ տվյալների ուսումնասիրության բաժնում. 2013-2014 թթ. մագիստրոսական ծրագրերում սովորող ուսանողների թիվն էապես աճել է 300%-ով՝ համեմատած 2009-2010 թթ. տվյալների հետ»,- ասել Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Հասարակայնության հետ կապերի գծով մենեջեր Մարիամ Ադամյանը:
Նա կարեւորել է ծնողների կողմից երեխաների կրթության նախապես պլանավորումը եւ այդ նպատակով խնայողությունների կուտակումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: