Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը պարգեւատրել է 2014թ. իր լավագույն հաճախորդներին

08.07.2015 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն այսօր պարգեւատրել է 2014թ. Առեւտրի ֆինանսավորման իր լավագույն 5 հաճախորդներին՝ 6-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցն ասել է, որ մրցանակները մատնանշում են շուկայի առաջատար կազմակերպություններին՝ ըստ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի վարկածի:

«Այս հինգ հաճախորդները 2014թ. ընթացքում զգալի արդյունքներ են գրանցել, եւ հսկայական դեր են խաղացել երկրում իրենց ոլորտը զարգացնելու հարցում՝ գրանցելով աճ, զարգացնելով միջազգային կապերը, հավատարմություն ցուցաբերելով գործընկերների հանդեպ եւ նորարակական տեխնոլոգիաների ներդրմամբ»,- հայտարարել է նա:

Թիես Քլեմենցը հիշեցրել է, որ HSBC-ի աշխարհագրական սփռվածությունը բանկի համար հասանելի է դարձնում ամբողջ միջազգային առեւտրի 85%-ը:

«Յուրաքանչյուր րոպե մենք աշխարհում իրականացնում ենք $1 մլն-ի առեւտրային գործարքներ: Մեր նպատակն է լինել աշխարհի առաջատար միջազգային բանկը՝ առեւտրի ֆինանսավորման ոլորտում եւ առաջին բանկը, որի մասին կմտածեն տեղական ներմուծողներն ու արտահանողները, երբ նրանց բիզնեսը հատի Հայաստանի սահմանները»,- նշել է նա:  

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առեւտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանն իր հերթին տեղեկացրել է, որ մրցանակաբաշխությանը մասնակցող կազմակերպությունները հաղթող են ճանաչվել 2014թ. միջազգային առեւտրի ոլորտում ցուցաբերած իրենց նորարարական մոտեցումների, ակտիվ գործունեության եւ գրանցած զգալի հաջողությունների համար:

«Գրան Պրի»-ն՝ Տարվա լավագույն հաճախորդ մրցանակը, հանձնվել է «Յուքոմ» ընկերությանը:

Ընկերությունը լավագույն հաճախորդ է ճանաչվել առեւտրի ֆինանսավորման գործիքների (ակրեդիտիվներ) օգտագործման՝ ծավալի եւ քանակի, ապագա ներուժի եւ HSBC-ի ցանցից օգտվելու (Եվրոպա, Ասիա, ԱՄՆ) առումով:

«Սա «Յուքոմ»-ի եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի համատեղ աշխատանքի արդյունք է: Այն խնդիրները, որոնք մեր ընկերության կողմից դրվեցին բանկի առջեւ, եւ այն լուծումները, որոնք առաջարկվեցին, հանգեցրեցին նրան, որ այսօր մենք ունենանք վերազինման, վերաֆինանսավորման եւ վարկավորման լավ հնարավորություններ, եւ փոխշահավետ համագործակցություն, ինչի շնորհիվ մեր ցանցը մշտապես զարգանում է: Կարծում եմ, որ այս համագործակցությունը երկար կյանք կունենա, եւ այն խնդիրները, որոնք մենք այսօր քննարկում ենք, Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից կստանան այնպիսի լուծումներ, որոնք կլինեն լավագույնը Հայաստանում»,- նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Եսայանը:

 2014թ. ընթացքում «Յուքոմ»-ի համար թողարկած բոլոր ակրեդիտիվներն իրականացվել են HSBC խմբին պատկանող գրասենյակների միջոցով՝ կախված մատակարարների աշխարհագրական դիրքից: Ընկերության կողմից օգտագործվող առեւտրի ֆինանսավորման ծավալների կանխատեսվող աճը 2015թ. համար կազմում է շուրջ 160%:

Նորարարական առեւտրի մրցանակի է արժանացել «Գոլդս Ֆիտնես» ՍՊԸ -ն՝ առողջ ապրելակերպը Հայաստանում խթանելու համար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի աջակցությամբ իրականացված այս ներդրումը կարեւոր է առողջության եւ սերունդների ապագայի համար եւ, իմ կարծիքով, սա լավագույն ներդրումն է»,- ասել է «Գոլդս Ֆիտնես»-ի տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը:

Ընկերությունը հիմնադրվել է 2004թ.: Չորս տարի անց՝ 2008թ., այն Հայաստանում բացել է իր առաջին մարզասրահը՝ ֆրանչայզինգի սկզբունքով եւ ներկայում շուրջ 2500 անդամ ունի:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մրցանակներին են արժանացել նաեւ «Գլաս Ուորլդ Քամփնի»-ն, «Շեն հոլդինգ»-ը եւ ՄԱՊ-ը:

«Գլաս Ուորլդ Քամփնի»-ն արժանացել է միջազգային առեւտրի մրցանակին: Ընկերությունն արտադրում է ավելի քան 40 տեսակի ապակե շշեր եւ տարաներ, եւ հանդիսանում է տարածաշրջանի առաջատար արտադրողներից մեկը՝ տարեկան 120 մլն միավոր արտադրության հզորությամբ:

2014թ. այս բիզնեսի համար Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը թողարկել է պատմության մեջ իր ամենամեծ ակրեդիտիվը, որի արդյունքում կրկնապատկել է կազմակերպության արտադրական հզորությունը, եւ ընդլայնվել են արտահանման հնարավորությունները:  

«Շեն հոլդինգ»-ն արժանացել է գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակին՝ բանկի հետ բազմամյա աշխատանքային փորձի, առավելագույն նվիրվածության եւ առեւտրի ֆինանսավորման ծառայությունների լայնածավալ օգտագործման համար:

ՄԱՊ-ը, իր հերթին, հաղթող է ճանաչվել «Լավագույն նորեկ հաճախորդ» անվանակարգում:

Դիտում՝ 20898
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW