ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%:ԿԲ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ մայիսին արձանագրվել է 0.5% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.8% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է 5.1%: «Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները: Այս իրավիճակում հիմնական պարենային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է գնանկումային միջավայրը, այն դեպքում, երբ հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում ձեւավորվել է սպասվածի համեմատ նավթի գնի ավելի բարձր մակարդակ՝ պայմանավորված նավթամթերքի սեզոնային մեծ պահանջարկով, ԱՄՆ պաշարների կրճատմամբ, ինչպես նաեւ առաջարկի կրճատման սպասումներով: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:Խորհուրդն արձանագրել է, որ տարեսկզբին ձեռքբերված մակրոտնտեսական կայունության պահպանումը շարունակում է նպաստել տնտեսական ակտիվության վերականգնմանը:Հունվար-մայիս ժամանակահատվածում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.7% աճ՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության եւ արդյունաբերության ճյուղերի աճերով: Գնահատվում է, որ գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները կպահպանվեն, ինչի արդյունքում կձեւավորվեն գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակներ:«Վերոնշյալ գնանկումային ազդեցություններին կհակակշռի օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնաճային ազդեցությունը եւ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակի պահպանման պարագայում, 12-ամսյա գնաճը մինչեւ տարեվերջ կտատանվի թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ 2016 -ից կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ»,- կարծում է ԿԲ խորհուրդը: Tweet Դիտում՝ 3061