$8,5 մլն՝ Հայաստանում երկրաջերմային պաշարների հետախուզմանը

09.06.2015 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկը (ՀԲ) Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» (ԵՀՀԾ) համար $8,55 մլն դրամաշնորհ կհատկացնի։

Ինչպես հաղորդում են ՀԲ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, դրամաշնորհն այսօր հաստատել է ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը:

Ծրագրի նպատակն է պարզել, թե արդյոք Սյունիքի մարզի Կարկառ տեղամասի երկրաջերմային աղբյուրը պիտանի է էլեկտրաէներգիայի արտադրության համար, եւ եթե այո, ապա քայլեր ձեռնարկել մասնավոր հատվածին երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման գործում ներգրավելու համար:

ՀՀ կառավարությունը նպատակադրվել է համապատասխան պաշարի առկայության պարագայում Կարկառ տեղամասում կառուցել երկրաջերմային էլեկտրակայան:

«Երկրաջերմային էլեկտրաէներգիայի ընդհանուր ներուժը Հայաստանում ներկայումս գնահատվում է մոտ 150 ՄՎտ: Նմանատիպ ծրագիրը նաեւ կամրապնդի ներդրողների վստահությունն այն բանում, որ Հայաստանի երկրաջերմային ոլորտն ընձեռում է կենսունակ եւ շահութաբեր ներդրումների հնարավորություն»,- ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնoրեն Լորա Բեյլին:

Կարկառի երկրաջերմային ծրագրի փուլ 1-ում Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրով (ՎԷԸԾ) հատկացվող միջոցները կառավարության կողմից կօգտագործվեն հետախուզական հորատման աշխատանքներ իրականացնելու համար, իսկ ռեսուրսի առկայությունը հաստատվելու պարագայում կգնահատվի Կարկառում երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման իրագործելիությունը եւ օժանդակություն կցուցաբերվի երկրաջերմային էլեկտրաէներգիայի ծրագրի լիամասշտաբ իրականացման մեջ մասնավոր ներդրողների ներգրավմանը։

Կարկառի երկրաջերմային ծրագրի փուլ 2-ը երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումն է։ Նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ Կարկառ տեղամասում գուցե հնարավոր լինի 28 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայան կառուցել։ $90-100 մլն նախահաշվային արժողությամբ այդ հնարավոր երկրաջերմային էլեկտրակայանը կարելի է կառուցել պետական եւ մասնավոր կապիտալի խառը մասնակցությամբ։

ՀԲ-ում նշել են, որ երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի նաեւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։  

Դիտում՝ 8793
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai