Մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ 12-ամսյա գնաճը գտնվել է նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ ամսվա վերջին կազմելով 5.1%: ՀՀ Կենտրոնական բանկում (ԿԲ) նշել են, որ գնաճային ցուցանիշը նախանշվել էր ՀՀ ԿԲ 2015թ. երկրորդ եռամսյակի «Դրամավարկային քաղաքականության ծրագրում»:Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության դանդաղ աճի եւ առաջարկի ավելացման գործոնների ներքո շարունակվել են գնանկումային միտումները, որոնք արտացոլվել են մի շարք ներմուծված պարենային ապրանքների գների (շաքարավազ, կենդանական եւ բուսական յուղեր) նվազող վարքագծում:«Ներքին տնտեսությունում շարունակվել են գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները՝ հանգեցնելով գյուղատնտեսական (հիմնականում՝ բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբի) ապրանքների գների նվազմանը: Արդյունքում, պարենային ապրանքների գները ամսվա ընթացքում նվազել են 1.2%-ով: Միեւնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների գները եւ ծառայությունների սակագները էականորեն չեն փոխվել՝ արտացոլելով տարեվերջին փոխարժեքի արժեզրկման ազդեցության մարումը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:ՀՀ ԿԲ-ում նշել են, որ գնաճը գտնվում է բանկի կանխատեսումների շրջանակում, որի ներքո այն 2015թ-ի ընթացքում կպահպանվի նպատակային ցուցանիշի 4%+/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ աստիճանաբար կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: Tweet Դիտում՝ 2099