ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վայոց Ձորի մարզի մի շարք ձեռնարկություններ: Նա նախ մասնակցել է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքում «Էկոֆարմ» ՍՊԸ-ի բացման արարողությանը: 2013թ. սեպտեմբերին հիմնադրված անասնապահական համալիրը նախատեսված է խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի եւ պանրի արտադրության համար: Համալիրը հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն՝ այստեղ բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային կաթնամսատու երինջներ: Ընկերության մոտ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից պլանավորվում է տարեկան ստանալ մինչեւ 1.16 մլն կգ կաթ: Համալիրն ունի 15 մշտական եւ 45 սեզոնային աշխատողներ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազ. դրամ:Նախագահն այցելել է նաեւ Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Գրուպ» ընկերության նոր գործարանի կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին եւ ընկերության զարգացման ծրագրերին: 2015թ.-ի ապրիլին մեկնարկած աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016թ.-ի առաջին եռամսյակում: Նշվում է, որ նոր հոսքագծերը հնարավորություն են տալու ամբողջությամբ ավտոմատացնել արտադրական գործընթացը եւ զգալիորեն մեծացնել արտադրական ծավալները:Սերժ Սարգսյանը նաեւ ներկա է գտնվել Ջերմուկի «Հայաթ Փլեյս» հյուրանոցի բացման արարողությանը: Հյուրանոցային համալիրի կառուցումն սկսվել է 2009թ. վերջին եւ ավարտվել՝ 2015թ. մայիսին: Այն բաղկացած է կենտրոնական եւ երկու` հարավային ու հյուսիսային մասնաշենքերից: Շինությանը հարող շուրջ 1 հա մակերեսով տարածքը բարեկարգվել է՝ ծառայելով որպես հանրային օգտագործման կանաչ գոտի:Հյուրանոցային համալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 12 հազ. մ2: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 11.5 մլրդ դրամ: Նշենք, որ Ջերմուկի «Հայաթ Փլեյս» հյուրանոցը Եվրոպա տարածաշրջանում բացված թվով 3-րդ հյուրանոցն է: Tweet Դիտում՝ 6789