Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ֆինանսական աջակցությամբ, լույս է ընծայել չորս հրատարակություն: Այսօր թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել բանկի աջակցությամբ հրատարակված չորս գրքերի՝ Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ հատորի, Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչեւ Պաղեստին» սկզբնաղբյուրային հուշագրության, «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» նախագծի եւ Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» աշխատության ֆրանսերեն տարբերակների շնորհանդեսը: Ինչպես լրագրողներին հայտնել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, հրատարակված գրքերը ներկայացվել են այս տարվա ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում բացված «Հայաստան 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» ցուցադրության ժամանակ, ինչպես նաեւ Փարիզի քաղաքապետարանում գործող գրքերի ցուցահանդես-վաճառքին: «Ցուցադրության ընթացքում այս բոլոր գրքերը մեծ պահանջարկ եւ հետաքրքրություն են վայելել հյուրերի եւ այցելուների շրջանում: Շնորհակալություն ենք հայտնում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին այս գաղափարին աջակցելու համար: Բարձր գնահատելի է հատկապես այն, որ այս գրքերի ֆրանսերեն հրատարակության նախաձեռնությամբ հանդես է եկել ոչ թե թանգարանը, այլ բանկը»,- ասել է Հայկ Դեմոյանը:Նա չի բացառել, որ այս տարվա ընթացքում ՀՑԹԻ-ն եւ բանկը հանդես գան նոր նախաձեռնությամբ: Հայկ Դեմոյանը նշել է, որ կողմերն արդեն բանակցում են հստակ առաջարկի շուրջ: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն էլ ասել է, որ իր ղեկավարած բանկը մեծ հուզմունքով եւ պատասխանատվությամբ է մոտեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնությանը՝ փորձելով «համեստ ներդրում ունենալ» 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: «Մենք չէինք կարող անմասն մնալ այս միջոցառումներից եւ հատկապես Փարիզի քաղաքապետարանի շենքում բացված ցուցադրությունից: Նշեմ, որ ֆրանսերեն լեզվով գրքերի հրատարակության նախագծում ընդգրկված են եղել նաեւ մեր բանկի ֆրանսիացի գործընկերները: Համոզված եմ, որ այս ցուցադրության եւ դրա ընթացքում ներկայացված գրքերի տրամադրած հարուստ նյութի շնորհիվ բազմաթիվ մարդիկ տեսան եւ իմացան, թե ինչ է իրականում կատարվել 20-րդ դարասկզբին»,- ասել է Հակոբ Անդրեասյանը:Նա նշել է, որ բանկը պատրաստակամ է ապագայում եւս սատարել ՀՑԹԻ նախաձեռնությունները: Tweet Դիտում՝ 6224