Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, սկսել է «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը:Ծրագրի մեկնարկն ազդարարվել է այսօր կայացած համաժողովի ընթացքում, որին մասնակցել են օրգանիկ գյուղատնտեսական արտադրանք թողարկող տնտեսվարողներ, ինչպես նաեւ ոլորտով հետաքրքրված այլ անձինք: Ծրագրին մասնակցում է մոտ 150 տնտեսվարող Հայաստանի բոլոր շրջաններից, որոնք զբաղվում են օրգանական սննդի արտադրմամբ: Մասնակիցները մեծամասամբ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հաճախորդներն են: «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» ծրագիրն ուղղված է օրգանական արտադրանքի շուկայի ներկա իրավիճակի վերլուծությանը եւ բոլոր այն կազմակերպությունների եւ այն անհատների համար է, որոնք հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ: Միջոցառումը կրում է նաեւ տեղեկատվական բնույթ: Համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել Գերմանիայից հրավիրված փորձագետներ, ինչպես նաեւ Գերմանիայի բնության պահպանության միության ներկայացուցիչներ: Գերմանիայից ժամանած առաջատար մասնագետները մասնակիցներին ներկայացրել են այս ոլորտում միջազգային փորձը, եվրոպական շուկայի ստանդարտները եւ այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել հավաստագրված, առանց արհեստական հավելումների օրգանական սնունդ արտադրող ընկերությունների համար:«Գործունեության ամբողջ ընթացքում մեր առաքելությունը մշտապես համարել եւ համարում ենք աջակցությունը Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողին»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: «Երկրի տնտեսության ողնաշարը կազմող եւ կենսական նշանակություն ունեցող այս ճյուղի ֆինանսավորումը եւ խորհրդատվությունը մեր առանցքային նպատակն է եղել մեր բանկի հիմնադրման օրվանից: Արդեն շուրջ 20 տարի է, սկզբից որպես Հայգյուղփոխբանկ եւ 2006-ից որպես Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, մենք միշտ սատարել եւ սատարում ենք գյուղացուն` որպես վստահելի գործընկեր եւ հավատարիմ բարեկամ»,- հավելել է նա:Նա բարձր է գնահատել ծրագրի իրագործման հնարավորությունները:«Այսօրվա միջոցառումը նոր լիցք եւ որակ է հաղորդելու այդ հարաբերություններին: Մենք՝ մեր մեկ այլ գործընկերոջ հետ, որոշել ենք դյուրացնել օրգանական, Էկոլոգիապես մաքուր մթերք արտադրողների մուտքը եվրոպական շուկա: Արտերկրից ժամանած մասնագետները ձեզ կներկայացնեն օրգանական մթերքի ոլորտում միջազգային փորձը, եվրոպական շուկայի պահանջները եւ այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել հավաստագրված արտադրողի համար: Վստահեցնում եմ ձեզ, Հայաստանը, իր բնակլիմայական պայմաններով, գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններով ի վիճակի է արտադրել բարձր որակի օրգանական մթերք: Ամբողջ խնդիրը` իմանալ ինչպես: Հենց այդ նպատակով մենք նախաձեռնել ենք նաեւ սեմինարներ եւ խորհրդատվություն»,- նշել է Հակոբ Անդրեասյանը: Համաժողովին հաջորդելու է թրեյնինգների եւ սեմինարների շարք: Ծրագրի տեղեկատվական մասի ավարտից հետո կանցկացվի հավաստագրման դիմած մասնակիցների արտադրանքի փորձագիտական գնահատում եւ մրցույթ: Մրցույթում հաղթած միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան «օրգանիկ» սնունդ արտադրող կազմակերպությունները՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) ֆինանսավորմամբ, կանցնեն անվճար սերտիֆիկացում: Tweet Դիտում՝ 4637