Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2015թ. Հայաստանում կանխատեսում է 1% տնտեսական անկում, իսկ 2016թ.՝ 0% աճ:Այս մասին ասված է ԱՄՀ-ի՝ մայիսի 19-ին հրապարակած «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ. Մերձավոր Արեւելք եւ Կենտրոնական Ասիա» զեկույցում: Համապատասխան կանխատեսումները ԱՄՀ-ն կատարել էր նաեւ անցած ամիս՝ «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ. անհավասար վերելք, բարդ ստորգետնյա հոսքեր» զեկույցում:Հիմնադրամը, հաշվի առնելով նավթի գների անկումը եւ Ռուսաստանի տնտեսական իրավիճակը, 2015թ. Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական ցուցանիշների վատթարացում է կանխատեսում: Հայաստանը միակ երկիրն է, որ խմբում ընդգրկված 8 երկրների շարքում (Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Տաջիկստան, Ղրղըզստան) ընթացիկ տարում տնտեսական անկում է գրանցելու: ԱՄՀ-ն Ադրբեջանում 2015թ. եւ 2016թ. կանխատեսում է համապատասխանաբար 0.6% եւ 2.5% աճ, իսկ Վրաստանում՝ 2% եւ 3% աճ:Ինչ վերաբերում է սպառողական գների աճին, ապա 2015թ. հիմնադրամը Հայաստանում 6.4%, իսկ 2016թ.՝ 4% գնաճ է կանխատեսում:Զեկույցի հեղինակները Հայաստանում տնտեսության դանդաղումը պայմանավորում են ինչպես Ռուսաստանի տնտեսության զարգացումներով, այնպես էլ հումքի միջազգային գների անկմամբ: Հիշեցնենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2015թ. Հայաստանում եւս անկում է կանխատեսում՝ 1.5%: Մինչդեռ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2015թ. համար Հայաստանում կանխատեսում է 1.6% աճ: Համեմատության համար նշենք, որ ՀՀ կառավարությունը 2015թ. բյուջեի հիմքում դրել է տնտեսական աճի 4,1% կանխատեսումը, իսկ Կենտրոնական բանկն ակնկալում է աճ՝ 0.4-2%-ի սահմաններում: Tweet Դիտում՝ 4767