Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:Նախագիծը, որ ներկայացրել էին ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Էլինար Վարդանյանը, առաջարկում է բարձրացնել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը՝ դարձնելով 5 եւ 10 միլիոն դրամ՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների համար:Ներկայումս սահմանված են հատուցման 2 եւ 4 միլիոն դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ:Նախօրեին ԱԺ-ում նախագծի վերաբերյալ կայացած քննարկմանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասել էր, որ նախագծի ընդունումից հետո կերաշխավորվի քաղաքացիների բանկային ավանդների 95%-ը:Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը Banks.am-ի հետ զրույցում ավելի վաղ մեկնաբանել էր ավանդների հատուցման մասին օրենքում սպասվող փոփոխությունները: Tweet Դիտում՝ 11088