Այսօր Երեւանում մեկնարկել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կազմակերպած 6-րդ միջազգային համաժողովը` «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը եւ ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով: «Կոնֆերանսի 2 օրերի ընթացքում քննարկվելու են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են հաղորդակցման ռազմավարությունը հաճախորդների եւ այլ շահառուների հետ՝ նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ սոցիալական մեդիայի կիրառմամբ, օմբուդսմենի հեղինակությունը եւ լրատվական միջոցների հետ կապը, միջազգային ներդրումային արբիտրաժը՝ որպես վեճերի լուծման միջոց»,- ասել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը:Նրա խոսքով՝ արդեն երրորդ տարին է, որ ամենաշատ բողոքները ստացվում են ապահովագրական ընկերությունների դեմ՝ բողոքների ընդհանուր թվի շուրջ 70%-ը, որտեղ գերակշիռ մաս են կազմում ԱՊՊԱ-ի դեմ բողոքները: «Ամենաքիչ բողոքները դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների դեմ են»,- ընդգծել է Փիրուզ Սարգսյանը: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն էլ ասել է, որ ԿԲ-ն միշտ կարեւորել է ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության խնդիրը: «Դրա իրագործման նպատակով բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել: 2014թ. մեր կողմից իրականացված հարցումներց պարզ է դարձել, որ զգալի առաջընթաց է արձանագրվել Ֆինանսական հաշտարարի գրասենյակի ճանաչողությունն ավելի բարձր մակարդակի հասնելու առումով: Հարցման արդյունքներով՝ բնակչության 57%-ը դրական է վերաբերվում իր իրավունքների պաշտպանության հարցում պրոակտիվ լինելուն: Բայց միայն 37%-ն ունի բավարար գիտելիքներ, թե ինչպես պաշտպանել սեփական իրավունքները՝ խախտման դեպքում: Հարցվածների 60%-ն է տեղյակ, թե ինչով է զբաղվում Ֆինհաշտարարը, սակայն որպես իրավունքների պաշտպանության առաջնային ուղի դեռեւս դիտարկում է դատարանը»,- ասել է Արմենակ Դարբինյանը:Համաժողովի բանախոսներն են Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Ֆինանսական համակարգի օմբուդսմենները, Շվեյցարիայի բանկային օմբուդսմենը, Ավստրալիայի Վարկային եւ ներդրումային օմբուդսմենը, ինվեստիցիոն արբիտրաժի եւ քարտային զեղծարարության մասնագետներ Ռուսաստանից: Երեւանյան համաժողովին մասնակցում են նաեւ Ռուսաստանի ֆինանսական օմբուդսմենը, Ռուսաստանի եւ Բելառուսի ԿԲ-ների ներկայացուցիչները, Բուլղարիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: Banks.am-ի բացառիկ հարցազրույցը Փիրուզ Սարգսյանի հետ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 12886