Երեւան, 28 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Այսօր ”Կասկադ-Կրեդիտ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը 150 միլիոն դրամի երաշխավորած պարտատոմսեր թողարկեց Հայստանի Ֆոնդային բորսայում:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Տիգրան Սարգսյանը կարեւորեց այն փաստը, որ առաջին անգամ Հայաստանում վարկային կազմակերպությունը թողարկեց իր կորպորատիվ արժեթղթերը: “Սա կարող է լավ օրինակ ծառայել մնացած կազմակերպությունների համար, եւ խթան հանդիսանալ ֆինանսական շուկայի զարգացման համար”, - նշեց Տիգրան Սարգսյանը: ԿԲ ղեկավարը հայտարարեց, որ “մենք հստակ պատկերացնում ենք. թե ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի ֆինանսական շուկան եւ նախատեսել ենք կոնկրետ միջոցառումներ շուկայի զարգացման համար”: Տիգրան Սարգսյանի խոսքերով, “այս համատեքստում երկրորդային շուկայում “Կասկադ-Կրեդիտ” ընկերության կողմից պարտատոմսերի թողարկումը միանգամայն համահունչ է ԿԲ քաղաքականությանը”: “Կասկադ-Կրեդիտ” ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Գեւորգյանն ասաց, որ ընկերության պարտատոմսերը 100 տոկոսով երաշխավորված են “Կասկադ Կապիտալ Հոլդինգս” ընկերության կողմից եւ 50 տոկոսով` ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության /USAID/ կողմից: Կորպորատիվ արժեթղթերը թողարկվել են 1 տարի ժամկետով` 7.25 տոկոսադրույքով: Գարեգին Գեվորգյանի խոսքերով, ողջ հասույթը կուղղվի Հայաստանի արտահանման ոլորտի զարգացմանը: Պարտատոմսերի անվանական արժեքն է 50 հազար դրամ: “Կասկադ Կրեդիտ” ընկերությունը հանդիսանում է “Կասկադ Կապիտալ Հոլդինգսի” ստորաբաժանումներից մեկը, որը ստեղծվել է 2004 թվականին` Քաֆեսչյան Ընտանիք Հիմանդրամի կողմից: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8783