ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%:ԿԲ-ում նշել են, որ 2015թ. ապրիլին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 4.8%:Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, ինչի պարագայում հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը: Ելնելով այդ զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են գնանկումային ազդեցություններ:Խորհուրդն արձանագրում է, որ առաջին եռամսյակի ընթացքում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.5% աճ՝ պայմանավորված կանխատեսվածի համեմատ գյուղատնտեսության ճյուղի ավելի բարձր աճով եւ շինարարության ճյուղի ավելի քիչ անկմամբ: Գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումների ներքո կդիտվի նաեւ պարենային ապրանքների գների սեզոնային ավելի մեծ նվազում: «Մյուս կողմից, գնահատվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման արդյունքում վերոնշյալ գնանկումային ազդեցությունները կչեզոքանան, եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակը հնարավորություն կտա 12-ամսյա գնաճը մինչեւ տարեվերջ կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2488