Արմավիրի մարզի Նորապատ համայնքում այսօր բացել է գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն:ՀՀ ԱՄՆ դեսպանությունում նշել են, որ կենտրոնը բացել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (ԱԳԶԿ-CARD) հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:Մասնագիտացված կենտրոնը միտված է զարգացնելու Հայաստանում այգեգործության ոլորտը (այգիների աճեցում եւ կառավարում) եւ նպաստելու առաջադեմ տեխնոլոգիաների ու ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: Նոր կենտրոնը տեղի գյուղատնտեսներին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու միջազգային կազմակերպությունների հետ, որոնք տրամադրում են գյուղատնտեսկան պարագաներ, սարքավորումներ եւ տեղեկատվություն այգեգործության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների մասին: Կենտրոնը հագեցած է լինելու հողի, ջրի եւ բույսերի հետազոտության ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, ինչպես նաեւ էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման եւ ֆերմերների ու Հայաստանի գյուղական ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության դյուրացման գործում: Բացի այդ, կենտրոնը կազմակերպելու է Հայաստանի եւ օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ եւ դասընթացներ՝ Արմավիրի մարզի 25 համայնքների մոտ 2,500 գյուղատնտեսների համար: Կենտրոնը ծառայելու է նաեւ գործնական սեմինարների անցկացման վայր՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար: Tweet Դիտում՝ 9290