Այսօր Երեւանում բացվել է Invest Armenia 2015 բիզնես ֆորումը, որի նպատակն է օտարերկրյա ներդրողներին ներկայացնել Հայաստանի տնտեսության պոտենցիալը եւ ներդրումային հնարավորությունները:Ֆորումի կազմակերպիչներն է BPA (Business Partners of Armenia) ընկերությունը՝ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության աջակցությամբ:Ֆորումին կից կազմակերպված ցուցահանդեսում շուրջ 40 հայկական ընկերություն ներկայացրել է իր արտադրանքը:«Invest Armenia 2015-ը կնպաստի, որ օտարերկրյա դեսպանները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները եւ սփյուռքահայ գործարարները մոտիկից ծանոթանան հայկական արտադրանքին»,- ասել է BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը:Ֆորումի բացմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ ասել է, որ ֆորումը նպատակ ունի մեկ վայրում հավաքել Հայաստանի եւ այլ երկրների առեւտրարդյունաբերական պալատների ներկայացուցիչներին:«Նման նախաձեռնությունները հետագայում զարգանալու տեղ ունեն՝ հատկապես առավել մասնագիտական համաժողովներ կազմակերպելու եւ Հայաստան ավելի շատ ներդրողներ հրավիրելու առումով»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանն օտարերկրյա ներդրողների համար գրավիչ է առաջին հերթին այստեղ առկա աշխատուժի որակով: Ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությամբ պայմանավորված հեռանկարներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այս տեսանկյունից առանձնացրել է գինեգործության, կոնյակագործության, պահածոյագործության, կաթի մշակման եւ մսի վերամշակման ոլորտները:«ԵՏՄ-ն հսկայական շուկա է, եւ կարելի է այն օտագործելով՝ մեծ քանակությամբ արտահանում իրականացնել»,- ասել է գյուղնախարարը: Առաջին անգամ անցկացվող Invest Armenia բիզնես ֆորումին մասնակցում են 22 երկրի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներ, 100-ից ավելի սփյուռքահայ գործարարներ, միջազգային ներդրումային ֆոնդերի անդամներ: Tweet Դիտում՝ 3116