Հայաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա երկու օրերի ընթացքում կստորագրեն Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը (U.S.-Armenia Trade and Investment Treaty): Այս լուրը հաստատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հարցին: Դեսպանն ասել է, որ համաձայնագիրը կստորագրվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 5-7-ը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ընթացքում: «Մենք չափազանց ուրախ ենք շրջանակային համաձայնագրի ստորագրման ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ»,- ասել է դեսպանը:Նա հավելել է, որ համաձայնագրի կնքումը նոր հնարավորություններ կստեղծի ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրի ու բիզնեսի զարգացման համար: «Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները շատ ամուր են: Նախագահ Օբաման մեծ կարեւորություն է տալիս այս հարաբերություններին»,- ասել է Ռիչարդ Միլսը: ՀՀ կառավարությունը անցած շաբաթ կայացած նիստում համաձայնություն էր տվել երկար բանակցված համաձայնագրի ստորագրմանը, որը մշակվել է Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ ներդրումային եւ գործարար նախաձեռնությունների ակտիվացման ու առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով: Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը կնախագահեն հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ Առեւտրի ներկայացուցչի գրասենյակը:Խորհրդի նպատակներն են ընդլայնել երկու կողմի առեւտրային եւ ներդրումային հնարավորությունները եւ հնարավոր խոչընդոտների բացահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները եւ այլն: Tweet Դիտում՝ 13966