Բավրայի անցակետն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2016թ.: Այս մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում: «Նոր սահմանային կետը կունենա առանձնացված մասնագիտացված տարածքներ` մանրակրկիտ զննման, լաբորատոր ստուգման, ֆիտոսանիտարական եւ այլ ծառայությունների համար: 2016թ. Բավրան կկարողանա ընդունել օրը 200 եւ ավելի ավտոմեքենա` առանց հերթերի գոյացման»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարության Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ Կարեն Մանուկյանը:Նրա խոսքով՝ Բավրայի անցակետում կգործեն նոր ուղիներ` մուտքի եւ ելքի համար, եւ Վրաստանից Բավրա եկող քաղաքացին 5 րոպե կծախսի փաստաթղթերի ձեւակերպման վրա: «Բավրայի անցակետում կառուցվելու է մուտքի եւ ելքի համար նախատեսված 4-ական ուղի` բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների համար, ինչը, միանշանակ կնպաստի սահուն սահմանահատման կազմակերպմանը»,- ասել է Կարեն Մանուկյանը: Ֆինանսերի նախարարությունում նշել են, որ տարածքային առանձնահատկություններով պայմանավորված, ապրիլ ամսվա եղանակային պայմանները չեն խոչընդոտել շինաշխատանքերը: «Անգամ ներկա ծանրաբեռնվածության պայմաններում մաքսատունը կարողանում է ապահովել որակյալ սպասարկում` առանց հերթերի եւ կուտակումների: Բեռն ինքնուրույն հենց Բավրայի մաքսակետում կարելի է հայտարարագրել կամ օգտվել բրոքերի ծառայությունից»,- հավելել է Կարեն Մանուկյանը:«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է €60.6 մլն: Նոր անցակետի առանձնահատկությունն այն է, որ սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցները կգործեն մեկ հարկի տակ: Tweet Դիտում՝ 4819