Ազգային Հիփոթեքային Ընկերությունն (ԱՀԸ) այսօր ներկայացրել է «Ջերմ օջախ» բնակարանային ֆոնդի էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը Վանաձոր քաղաքում: Համայնքային հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել ծրագրի ընդհանուր դրույթները, առավելությունները Հայաստանի տնային տնտեսությունների համար, ինչպես նաեւ վեր հանել շահառուներին հետաքրքրող հարցերը եւ տրամադրել դրանց պատասխանները: Հանդիպմանը մասնակցել են ԱՀԸ գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը, Վանաձորի համատիրությունների, կրթական հաստատությունների, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, գործարարներ:Վանաձորը երկրորդ մարզային քաղաքն է Դիլիջանից հետո, որտեղ ներկայացվել է «Ջերմ օջախ» վարկային ծրագիրը:«Ջերմ օջախ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնել բնակարանների վերանորոգում, ստեղծել բարեկեցիկ կենսապայմաններ, նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը, ինչպես նաեւ խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում: Ֆրանսիայի զարգացման գործակալության մշակած եւ ԱՀԸ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի տնային տնտեսություններին տրամադրվում են մատչելի վարկեր ՀՀ դրամով էներգաարդյունավետ վերանորոգում իրականացնելու համար: Յուրաքանչյուր վարկ ունի բոնուսային բաղադրիչ, որը ֆինանսավորվում է Եվրոպական հարեւանության ներդրումային հաստատության կողմից՝ էներգաարդյունավետության որոշակի չափանիշների համապատասխանելու դեպքում: Վարկերը եւ բոնուսները շահառուներին տրամադրվում են Հայաստանի գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով: 2015թ. ապրիլի 7-ի դրությամբ ԱՀԸ-ի կողմից այս ծրագրով վերաֆինանսավորվել է 98.7 մլն դրամ ընդհանուր գումարով 59 վարկ:«Ջերմ օջախ» ծրագրի տեխնիկական աջակցությունն իրականացնում է ավստրիական «Կոմունալկրեդիտ փաբլիք քոնսալթինգ» (KPC) ընկերությունը գերմանական «ՄիկրոԷներջի ինտերնեյշնլ» (MEI) ընկերության եւ հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի հետ համատեղ: Tweet Դիտում՝ 12155