ՎՏԲ 24 բանկը ողջունում է Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) որոշումը, ըստ որի՝ 2017թ. հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամի փոխարեն կազմելու է 30 մլրդ դրամ:Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՎՏԲ 24 բանկի փոխնախագահ, միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի անդամ Վսեվոլոդ Սմակովը՝ պատասխանելով Banks.am-ի հարցին: «Հայաստանում ԿԲ-ն առաջնահերթ արձագանքում է մակրոտնտեսական իրավիճակի աճող անկայունությանը: Գաղտնիք չէ, որ մեծապես կապիտալացված բանկային համակարգը տնտեսական անորոշության պայմաններում թույլ է տալիս «պաշտպանիչ բարձ»-ի դերում հանդես գալ եւ մեղմացնել մակրոտնտեսության մեջ առկա ճգնաժամային իրողությունների հնարավոր հետեւանքները: Մենք ողջունում ենք այդ որոշումը, քանի որ կարծում ենք, որ այն հանգեցնում է բանկային համակարգի ու բանկային ծառայությունների շուկայի կայունության մակարդակի բարձրացմանը: ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելի շատ կապիտալ ունի, քան ԿԲ նոր որոշումն է պահանջում, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք դիտարկելու Հայաստանում մեր բանկի կապիտալի մեծացման հարցը՝ ելնելով բանկի բիզնես ցուցանիշներից»,- ասել է նա:Banks.am-ի խնդրանքով մեկնաբանելով ռուսաստանյան բանկային շուկայում առկա նորմատիվ պահանջները՝ Վսեվոլոդ Սմակովը նշել է, որ ՌԴ ԿԲ-ի գործողությունները առաջին հերթին ուղղված են ռուսաստանյան բանկային շուկայում կասկածելի եւ թույլ խաղացողների թվի կրճատմանը: «Դա նշանակում է, որ կարգավորողը ավելի մեծ շեշտ է դնում բանկային շուկայում կասկածելի գործարքների կանխարգելման վրա»,- նշել է նա: Tweet Դիտում՝ 10273