Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ/IFC), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը ստորագրել են պայմանագիր, որի շրջանակում կողմերը կհամագործակցեն ներդրումային քաղաքականության բարելավման եւ ստուգումների համակարգի բարեփոխման ոլորտներում: Ծրագիրը նպատակ ունի խթանել ներդրումները, նպաստել գործարար ծախսերի նվազեցմանը, մասնավոր հատվածի աճին եւ աշխատատեղերի ստեղծմանը:«Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել բարեփոխումների ոլորտում՝ ներդրումների մշակույթը բարելավելու տեսանկյունից: Այնուամենայնիվ, ավելին պետք է անել, եւ մենք բարձր ենք գնահատում ՄՖԿ-ի աջակցությունն ու խորհրդատվությունը, ինչն օգնել է շատ երկրների պարզեցնել բիզնես կարգավորումները եւ վարել ներդրումներին նպաստող քաղաքականություն»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Համատեղ ջանքերի նպատակն է զարգացնել բարեփոխումներին միտված գործողությունների ծրագիր, որը կհրապուրի եւ կպահպանի ներդրումները Հայաստանում, կնպաստի գյուղատնտեսության ոլորտում արտահանումներին, արտասահմանցի ներդրողների շրջանում որոշակիություն եւ ավելի պարզեցված գործընթաց կապահովի՝ ագրոբիզնեսում հարկերի վճարման տեսանկյունից: Բարեփոխված ստուգումների համակարգը կենթադրի ավելի քիչ ստուգումներ նվազ ռիսկային բիզնեսների համար` խնայելով ժամանակն ու ռեսուրսները: «Այս նախագծի շրջանակում մեր համագործակցությունը նպատակ ունի ստեղծել առավել թափանցիկ եւ բիզնես ընկերական կարգավորումներ՝ միաժամանակ համոզված լինելով, որ հանրային շահերը պաշտպանված են: Սա մաս է կազմում ՀԲ խմբի ջանքերին՝ օգնելու Հայաստանին ստեղծել առավել մրցակցային ներդրումային միջավայր, խթանելով տնտեսական եւ սոցիալական զարգացումը»,- ասել է Հարավային Կովկասում ՄՖԿ-ի նորանշանակ տնտեսական մենեջեր Յան Վան Բիսելը: Հիշեցնենք, որ Հայաստանը ՄՖԿ-ին անդամակցում է 1995-ից: Մինչ օրս կորպորացիան 52 ծրագրի շրջանակում ավելի քան $320 մլն-ի ներդրում է կատարել Հայաստանում: Tweet Դիտում՝ 10184