ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակությունը և Հեյֆեր Հայաստանն այսօր ներկայացրել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագրի շրջանակում մշակված «Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ»-ը (ՏԱՄ):Հեյֆեր Հայաստանը ծրագիրն իրականացնում է Վրաստանի, Թուրքիայի եւ Բուլղարիայի գործընկերների աջակցությամբ: «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ» հայկական մասնաճյուղի ղեկավար Անահիտ Ղազանչյանը նշել է, որ ծրագրի շրջանակում մշակված ՏԱՄ փաթեթն ընդգրկում է շուրջ 10 տուրիստական երթուղի: «Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Բուլղարիայի տուրիստական գործակալությունները կարող են փաթեթը վաճառել՝ զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով մեկ միասնական փաթեթով այցելել չորս երկիր»,- ասել է նա: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշել է, որ սա հերթական օգնությունն է տարածաշրջանային գյուղական տուրիզմի զարգացման բնագավառում: Նա հավելել է, որ չնայած ծրագրի շարունակական ընթացքին՝ հաջողությունները տեսանելի են:ԵՄ դեսպանը կարեւորել է տարածաշրջանային աջակցության գաղափարն ու մասնակիցների ակտիվությունը: Նա նշել է, որ ծրագիրը կնպաստի Սեւծովյան ավազանի երկրներում ինչպես տուրիստական, այնպես էլ սոցիալական եւ տնտեսական զարգացմանը: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ €473 հազ-ի չափով՝ եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի միջոցով: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին եւ կտեւի 18 ամիս: Միջոցառմանը մասնակցել են հյուրեր Հայաստանից, Բուլղարիայից, Վրաստանից և Թուրքիայից: Մասնակիցներն առանձին նմուշների ցուցադրությամբ ներկայացրել են իրենց երկրների գյուղական համայնքների գրավչությունը: Tweet Դիտում՝ 7295