Երեւանը՝ զարգացող ձեռներեցության միջավայր ունեցող թոփ քաղաքների շարքում է

02.03.2015 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ձեռներեցության համաշխարհային համաժողովի (GEC) շրջանակում զարգացող քաղաքների միջեւ անցկացվող GEC Cities Challenge մրցույթում Երեւանն անցել է եզրափակիչ փուլ` ընդգրկվելով 5 թոփ քաղաքների շարքում:

Երեւանը մրցել է 49 այլ քաղաքների հետ եւ եզրափակիչ է անցել բելգիական Գենկի, ամերիկյան Կանզաս Սիթիի, Մեդիսոնի ու արգենտինական Բուենոս Այրեսի հետ միասին: Եզրափակիչ փուլ անցած քաղաքների ցանկը գլխավորել է Բուենոս Այրեսը:

Հաղթողներին ընտրելիս ժյուրին հաշվի է առել հետեւյալ չափորոշիչները՝ ձեռներեցության ազդեցությունը քաղաքի սոցիալական եւ տնտեսական իրավիճակի վրա, ձեռնարկատիրական լուծումներ, որոնք ծագում են քաղաքի առօրյա կյանքի տարբեր ոլորտներում, կայուն ձեռներեցության զարգացման ներուժ եւ այլն:

Մրցույթն անցկացվել է Համաշխարհային ձեռներեցության ցանցի եւ META Group-ի կողմից, որոնք 2015թ. մարտի 16-ից 19-ը Միլանում անցկացվելիք Ձեռներեցության համաշխարհային համաժողովի կազմակերպիչներն են:

«Երեւանը աշխարհի լավագույն զարգացող ձեռներեցության միջավայր ունեցող 5 քաղաքների ցանկում է, ինչը մեզ համար մեծ նվաճում է: Սա հնարավորություն է առաջիկա համաժողովի ընթացքում պատմելու ինչպես Երեւանի արդեն իսկ նվաճած հաջողությունների մասին, այնպես էլ գտնվել ավելի քան 150 երկրների պատվիրակությունների ուշադրության կենտրոնում: Սա թույլ կտա, որ արտասահմանցի ներդրողները Երեւանը դիտարկեն որպես արդեն իսկ մեծ հաջողությունների հասած քաղաք», - Banks.am-ի հետ զրույցում ասել է Հայկ Ասրիյանցը՝ Համաշխարհային ձեռներեցության շաբաթի կազմակերպիչը Հայաստանում:

Նա պատմել է, որ Երեւանի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, եւ որ բոլորն են ցանկանում ծանոթանալ այն քաղաքի հետ, որը դարձել է 5 լավագույններից մեկը:

«Սա հրաշալի հնարավորություն է՝ քննարկելու ոլորտի խնդիրները, գնահատելու առանձին երկրների արձանագրած հաջողությունները: Միջոցառմանը մասնակցում են 150 երկրներից ձեռներեցության զարգացմամբ զբաղվող եւ դրա տարածմանը նպաստող մեծ թվով կազմակերպություններ, ներդրողներ, բիզնես հրեշտակներ, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ»,- ասել է նա:

Այս տարվա համաժողովի շրջանակում առաջին անգամ յուրաքանչյուր երկիր հնարավորություն կստանա առանձին տաղավարում ներկայացնել ձեռներեցության իր միջավայրը:  Հայաստանի կազմակերպիչները ներկայում ակտիվորեն աշխատում են տեղացի ձեռներեցների եւ շահագրգիռ մյուս կողմերի հետ՝ համաժողովին Հայաստանը պատշաճ ձեւով ներկայացնելու համար:

Հաշվի առնելով Երեւանի գրանցած արդյունքները եւ առկա լրացուցիչ ուշադրությունը՝ Հայկ Ասրիյանցը համոզված է, որ Միլան պետք է մեկնել ներկայացուցչական պատվիրակությամբ:

Նշենք, որ ֆորումի մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է հոգալ ճանապարհի եւ գիշերակացի ծախսերը, ինչպես նաեւ նախապես գրանցվել այստեղ:

Դիտում՝ 2183
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW