«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը սկսել է «Տնտեսական մոդելավորում եւ իրագործելիություն» ծրագիրը:Այն նպատակ ունի նպաստել գյուղական աղքատության նվազմանը` պտղի եւ ընկուզապտուղների կայուն արտադրությունը խթանելու միջոցով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրել Հայաստանում աճող եւ եկամտաբերության մեծ ներուժ ունեցող 7 պտղի եւ ընկուզեղենի տեսականի եւ մշակել դրանց արտադրության խթանմանն ուղղված համապատասխան վարկային պրոդուկտ:«Ամերիա»-ում նշել են, որ թիրախավորված վարկային պրոդուկտը հնարավորություն կտա գյուղական մանրածավալ արտադրող ֆերմերներին նպաստավոր պայմաններով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանալ ծրագրին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների կողմից: «Մրգերի արտադրությամբ զբաղվում են Հայաստանի գրեթե բոլոր գյուղատնտեսական գոտիներում, այն մեծ մասնաբաժին ունի նաեւ հանրապետությունից արտահանվող մթերքի շարքում: Կարելի է փաստել, որ թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկայում մրգերի եւ ընկուզեղենի չբավարարված հզոր պահանջարկ կա: Նախագիծը կարող է էապես նպաստել գյուղական տնտեսության զարգացմանը եւ, ինչու ոչ, Հայաստանում ավելացնել մրցունակ եւ կայուն ֆերմերային տնտեսությունների քանակը»,- ասել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ավագ խորհդատու Արման Փորսուղյանը: Ծրագիրն ուղղված է փոքր ֆերմերային տնտեսություններին, որոնք կազմում են Հայաստանում գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների 70%-ը (միջինում 1.3 հա հողատարածք) եւ նախատեսված է մասնավորապես Հայաստանի համեմատաբար բարձրադիր գոտիներում ապրող գյուղացիների համար, որոնք տնօրինում են մինչեւ 3 հա հողատարածք:«Տնտեսական մոդելավորում եւ իրագործելիություն» ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015թ. մայիսին:Այն իրականացվում է ՀՀ Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» Ծրագրերի իրականացման գրասենյակ Պետական հիմնարկի «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագրի շրջանակում: Tweet Դիտում՝ 2542