Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցությունն արտահանման ոլորտում էական փոփոխությունների չի հանգեցրել:Այս մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը՝ նկատելով, որ ոլորտում արձանագրված անկումը կար դեռ անցած տարվա վերջին, երբ Հայաստանը պաշտոնապես չէր դարձել ԵՏՄ անդամ:Նա նշել է, որ հունվար-փետրվարը սովորաբար համարվում են ծանր ամիսներ, իսկ արտահանման ծավալներն այս ընթացքում նվազում են՝ պայմանավորված նրանով, որ Հայաստանից հիմնականում գյուղատնտեսական արտադրանք է արտահանվում: «ՌԴ շուկայի մղձավանջային իրավիճակով պայմանավորված՝ հայ արտադրողները կանգնած են նոր մարտահրավերների առջեւ, եւ ժամանակն է վերանայելու իրենց արտադրանքն ու հասկանալու՝ ի՞նչ պետք է արտադրել, որը պետք կգա ե՛ւ մեզ, ե՛ւ դրսի շուկային, կունենա արտահանման պահանջարկ»,- ասել է Րաֆֆի Մխչյանը:Անդրադառնալով արտահանողների առջեւ ծառացած խնդիրներին՝ նա նկատել է, որ հիմնական խնդիրը ՌԴ-ում առկա գնային խիստ քաղաքականությունն է:«Չեմ կարծում, թե արտահանողները կորուստներ են ունեցել, փոխարենը կորուստներ կան ներմուծողների մոտ, ինչը մտահոգվելու առիթ է տալիս»,- ասել է Րաֆֆի Մխչյանը՝ հավելելով, որ քիչ արտահանողների է հաջողվում դոլարային պայմանագրեր կնքել: Նա վաղ է համարել խոսել ԵՏՄ-ի ընձեռած հնարավորությունների մասին՝ նշելով, որ դրա համար «ժամանակ ու պատմություն է անհրաժեշտ»: Tweet Դիտում՝ 1615